«Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

հիմնադրամ

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Տավուշի մարզ՝ ծանոթանալու Բերքաբեր և Բաղանիս համայնքներում իրականացվող կենսական նշանակություն ունեցող ջրամատակարարման ծրագրերի շինաշխատանքների ընթացքին․ տեղեկացնում են հիմնադրամից։

Բերքաբեր համայնքում հանդիպել են համայնքի ղեկավարի հետ և հետևել պոմպակայանի, բաշխիչ ավազանի և խողովակաշարերի շինարարական աշխատանքներին, նաև քննարկել մի քանի հեռանկարային ծրագրեր:

Նշենք, որ Բերքաբերում իրականացվող ջրամատակարարման ծրագիրը նպաստում է ոռոգելի հողատարածքների ընդլայնմանը: Ծրագրի ավարտից հետո ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 140 հեկտարով: Հաջորդիվ հիմնադրամի թիմն այցելել է Բաղանիս համայնք: Ծանոթացել է խմելու ջրի համար նախատեսված գլխամասային կառուցվածքի և մոտեցնող ջրագծի շինարարական աշխատանքների ընթացքին: Տվյալ ծրագրի իրականացումից հետո Բաղանիս համայնքը կունենա նոր արտաքին ջրագիծ, ինչը կապահովի համայնքի 24–ժամյա ջրամատակարարումը: Նշենք, որ 3200 մ երկարությամբ նոր ջրագծի շինարարությունը սկսվել է նախորդ տարվա հոկտեմբերից, աշխատանքն ընթանում է բարդ ռելիեֆային, երբեմն նույնիսկ տեխնիկայի համար անհասանելի պայմաններում, մոտ 1400 մետրն անցնում է անտառապատ տեղանքով: Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է կենսական նշանակության ծրագրեր իրականացրել թե՛ ՀՀ և թե՛ Արցախի տարբեր համայնքներում:
 
--00—ՄՀ