Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի ադրբեջանցիների գողացած 20 միլիոն դրամի ոչխարի հոտի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

հասարակական

Ադրբեջանական կողմը վերջնականապես հայտնել է, որ չի վերադարձնելու Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանի ոչխարի հոտը։ Այս մասին 24News-ին ասաց անձամբ Մաթևոսյանը։

«Չեն բերելու, այդպես ենք լսում, չգիտեմ։ Ադրբեջանական կողմը ռուսական կողմին ասում է, որ ոչխարները չեն վերադարձնելու։ Ո՞ւմ գնամ-դիմեմ, ես էլ չեմ իմանում։ Մեր  համայնքապետը դիմել է մարզպետարան ինչ կանեն, ինչ չեն անի», - ասաց Մաթևոսյանը։

Հունվարի 13-ին Սուրիկ Մաթևոսյանը Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցնելիս է եղել իր ոչխարներին։ Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով նրան, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մետր, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել էին դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ` իրենց հետ տանելով նաև ոչխարի հոտը: Հովվին նույնը օրը ռուսական խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականները վերադարձել էին։ Ռուսական կողմի միջնորդությամբ էլ բանակցություններ էին վարվում ոչխարի հոտը վերադարձնելու համար։

Հովիվը նշեց, որ կորսված ոչխարների դիմաց դեռևս փոխհատուցում կամ որևէ աջակցություն չի ստացել։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի խոսքերով՝ ադրբեջանցիները վերջնականապես որոշել են չվերադարձնել ոչխարի հոտը՝ պատճառաբանելով, որ ոչխար չի եղել հովվի հետ, երբ վերջինիս գերեվարել են։ «Չեն տալիս և վերջ»։ 

Հունվարի 25-ին Սուրիկ Մաթևոսյանը 24News-ին ասել էր, որ գերեվարելուց հետո ադրբեջանցիներն իր աչքերը կապել են, տեղյակ չէ, թե ուր են քշել-տարել ոչխարի հոտը, որի կազմում 160 ոչխար և մոտ 140 գառ (մոտ 20 միլիոն դրամի) են եղել։ «Հովվին փոխհատում է նախատեսված, գրությունն ուղարկել ենք, արդեն պետությունը փոխհատուցումը կտա 280 գլուխ ոչխարի համար», - ասաց Տեղի համայնքապետը։

Համաձայն տեղեկությունների՝ ադրբեջանցիները ոչխարները տարել ու պահել են 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում։

--00--ԿԿ