Մասնագետները Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել են ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

հասարակական

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից 2021թ-ին մշակվել է  9 բովանդակային  նյութ՝ աշխատանքային գիրք-տետրեր, ուսուցչի մեթոդական ուղեցույցներ, ձեռնարկներ: Փետրվարի 21-ին մանկավարժահոգեբանական կենտրոնում մասնագետները ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ քննարկել են ուսումնաօժանդակ նյութերի դերը կրթության ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն  Արաքսիա Սվաջյանը ասաց, որ  ձեռնարկների նպատակն է ՀՀ-ում հանրակրթության ոլորտում ներառական կրթության որակյալ իրականացումը, յուրաքանչյուր սովորողի առավելագույն մասնակցության ապահովումը և ուսուցչին մեթոդական աջակցության տրամադրումը:

«Քանի որ  ձեռնարկները նորություններ են մեզ մոտ, մենք սեպտեմբերի 1-ից մեկ կիսամյակ պիլոտային ծրագրով դրանք կիրառել ենք հանրապետության 11 դպրոցներում: Կարևոր էր այն, որ պիլոտային ծրագրին մասնակից են եղել և ծնողները, և սովորողները, և ուսուցիչները, ովքեր վերապատրաստումներ են անցել, թե ինչպես կիրառել այդ նյութերը: Փորձել ենք հետադարձ կապ պահել նաև ծնողների հետ հասկանալու համար, թե ինչքան արդյունավետ են երեխաները  դրանք օգտագործում:  Եվ, իհարկե, երեխաների զարգացման դինամիկան ենք գնահատել, թե սկզբում ինչպես էին աշխատում դասերի ընթացքում և հետո այս նյութերի կիրառման արդյունքում ինչպես են աշխատում»,- ասաց նա:

Տնօրենը հավելեց, որ պիլոտային ծրագրի արդյունքները գրանցելուց հետո դեկտեմբերին ամփոփել, վերջնական շտկումներ են արել և նորից վերահրատարակել են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս նյութերը շատ սպասված էին և կարևորեց  մի քանի ձեռնարկներ, որոնք մշակվել են, օրինակ՝  «Ուսուցչի օգնականի ձեռնարկ»-ը:  «Ուսուցչի օգնականի հաստիքը մեզ մոտ ներդրվել է դպրոցներում համընդհանուր ներառական կրթության  անցնելու ժամանակ,  բայց մեր  դիտարկումները ցույց են տվել, որ ոչ բոլոր դպրոցներում է, որ ուսուցչի օգնականները լավ պատկերացնում են իրենց անելիքները: Այս ձեռնարկը կնպաստի և կոգնի, որ օգնականները ավելի արդյունավետ իրականացնեն իրենց գործունեությունը: Շատ կարևորում եմ, որ յուրաքանչյուր դպրոց կստանա ձեռնարկը, իսկ հետագայում կփորձենք անել այնպես, որ յուրաքանչյուր ուսուցչի օգնական  ունենա իր անձնական ձեռնարկը»,- ասաց փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը շատ կարևորեց  կոնկրետ ուսումնական նյութերը, քանի որ  շատ խոսվում է  այն մասին, որ ներառական կրթության պայմաններում պետք են նաև ուսումնական նյութերի հարմարեցումներ երեխաների կարիքներին, բայց այդպիսի նյութերը փաստացի բացակայում են մեր դպրոցներում: Նրա խոսքով՝ ներկայացված ձեռնարկների և նյութերի շարքում կան  նաև նման նյութեր,  որոնք շատ պրակտիկ ցույց են տալիս, թե ինչպես կարելի է կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների հետ աշխատել հիմնական առարկայական դասընթացներ շրջանակներում:

«Ձեռնարկները մշակելիս պահպանվել են միջազգային բոլոր ստանդարտները, որոնք պետք է օգնեն խուսափել որևէ պիտակավորումից, որ երեխաները իրենց վատ իմաստով չհամարեն տարբերվող»,- անփոփեց փոխնախարարը:

--00--ԿԿ