Դոնեցկի և Լուգանսկի նման պետությունները պետք է հասնեն միջազգային ճանաչման․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

քաղաքական

Բոլոր ազգերն ու ժողովուրդներն իրավունք ունեն ինքնորոշվել, հատկապես եթե նրանց էքզիստենցիալ վտանգ է սպառնում։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցին։

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի խնդրի սրացման ֆոնին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։ Ուկրաինան համանուն մարզերի մասերն է համարում Դոնեցկն ու Լուգանսկը, որոնք 2014-ի մայիսի 12-ին հայտարարել էին իրենց անկախության մասին։ Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն է ճանաչել նրանց որպես անկախ պետություններ։

Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանի խոսքերով՝ ժողովուրդների, ազգերի ինքնորոշման իրավունքն անքակտելի է։ «Նրանք կարողացել են ստեղծել նորմալ քաղաքակիրթ պետություն, հետևաբար նման պետությունները [Դոնեցկը և Լուգանսկը] պետք է հասնեն միջազգային ճանաչման։ Եվ Արցախն այս բոլոր չափանիշներին համապատասխանում է։ Եվ որքան շատ լինեն այսպիսի նախադեպեր, այդքան լավ է լինելու մեզ համար։ Այստեղ պետք է բացառապես առաջնորդվենք մեր ազգային շահերով, լինենք շատ պրագմատիկ, հասկանանք իրավիճակը։ Հնարավորինս հեռու լինենք ապազգային էլեմենտներից, պրովոկատորներից, որովհետև իրավիճակը շատ վճռորոշ է, վճռական փուլում է գտնվում, և շատ բան է կախված մեր քայլերից», - ընդգծեց Բաբայանը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հարցին՝ Բաբայանն ասաց, որ դա աշխարհաքաղաքական մոտեցում է։ «Այն որևէ կապ չունի Արցախի իրավունքի հետ։ Նախադեպը մնում է նախադեպ՝ անկախ ռեակցիայից, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից», - եզրափակեց Դավիթ Բաբայանը։

--00--ԿԿ