Արմավիրում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 23  24 News         

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Արմավիրի ոստիկանները։
Փետրվարի 16-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Նորապատ գյուղից, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին Գյումրի քաղաքի երկու բնակչի, որոնցից մեկը՝ 27, մյուսը՝ 26 տարեկան:
27-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 5 փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված: 3 փաթեթ նմանատիպ զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 26-ամյա տղամարդու խուզարկությամբ: Ավելի ուշ պարզվեց, որ 27-ամյա տղամարդը 8 փաթեթ թմրամիջոցը, նախնական տվյալներով, 64 հազար դրամով գնել էր Այգեշատ գյուղի 26-ամյա մի բնակչից և 3 փաթեթը տվել էր գյումրեցի ընկերոջը:
Նույն օրը՝ գիշերը, Այգեշատ գյուղից, իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվեց նաև թմրանյութն իրացնելու մեջ կասկածվող անձը: Դարձյալ մեքենայով հանդերձ՝ իրավապահները բերման ենթարկեցին նաև Արմավիր քաղաքի 29-ամյա մի բնակչի, որին այգեշատցի տղամարդը թմրանյութ էր հյուրասիրել:
Արմավիրի բնակչի մեքենայի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգված և ապակե գլանակ՝ ածխացած զանգվածի մնացորդներով:
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Թմրանյութ իրացնողը տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց:
Քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկություններ կատարեցին բերման ենթարկված անձանց հաշվառման և փաստացի բնակության վայրերում: Գյումրեցի 26-ամյա տղամարդու հաշվառման հասցեի խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի մի քանի հարյուր հոգեներգործուն դեղահաբեր:
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00—ՄՀ