Սխալ գոտու ընտրությունը հղի է վերջնական կործանմամբ․ թյուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Հայաստան պետություն կլինի, եթե ունենանք սեփական զինված ուժերն ու անմիջական հարևանությամբ գտնվող դաշնակիցների հետ կառուցենք անվտանգային նոր ճարտարապետություն: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Մի քանի արձանագրում, որոնք անհրաժեշտ են հանրային ճիշտ խոսույթի (դիսկուրս) ձևավորման համար.

▪️Ժամանակակից քաղաքական գործընթացներում հնարավոր չէ անտեսել աշխարհագրության գործոնը և դրանով թելադրված իրականությունը: Աշխարհագրական, ասել է թե տարածական գործոնը առաջնային է հատկապես Եվրասիայում, որի մասն ենք մենք: Աշխարհագրության անտեսման բոլոր փորձերն ավարտվել են անտեսողի համար ոչ միայն անհաջողությամբ, այլ ամբողջական տապալմամբ: Ապացույցները փնտրեք Իրաքում, Վրաստանում, Սիրիայում: Այսօր` նաև Ուկրաինայում:

▪️Մեծ քաղաքականություն են վերադառնում «ազդեցության գոտիներ» երևույթը, երբ մեծ տերությունները անպայմանորեն ունեն և անդադար ստեղծում/զարգացնում են իրենց ազդեցության գոտիները` իրենց սահմաններից անդին: Դրանց սահմանները թեև ավելի հեղհեղուկ են, սակայն ոչ պակաս պաշտպանվող: Հայաստանի տարածքի վրա հատվում են առնվազն երեք նմանատիպ գոտիներ (ինչպես վերջին 5 դարերի ընթացքում: Սխալ գոտու ընտրությունը հղի է վերջնական կործանմամբ, քանի որ այդ գոտիներից մեկը տրամադրված է լիարժեք վերացնել հայկական պետությունը:

▪️Ուկրաինայում տեղի ունեցողը պետք է վերջնականապես ջախջախի այն հիվանդագին մտայնությունները, թե Հայաստանի համար Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ զորք է գալու «յոթ սարերի ու ծովերի» հեռվից: Սա անհեթեթություն է, որն արժենում է կյանքեր ու պետականություն: Պետք է սթափ գնահատել իրավիճակը` առաջին հերթին հաշվի առնելով վերևում նշված աշխարհագրական գործոնը: Հայաստան պետություն կլինի, եթե ունենանք սեփական զինված ուժերն ու անմիջական հարևանությամբ գտնվող դաշնակիցների հետ կառուցենք անվտանգային նոր ճարտարապետություն»:

--00—ԼՄ