Կիևի հայ համայնքը չի կարողանում օդային ճանապարհով դուրս գալ․ Հրաչյա Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

աշխարհ

Ուկրաինայից ուղղակի թռիչքներ չեն իրականցվում, հայ համայնքի ներկայացուցիչները ո՛չ կարող են օդային ճանապարհով դուրս գալ Կիևից, ո՛չ էլ մեքենայով ցամաքային ճանապարհով, այսպիսի անելանելի վիճակում են։ Այս մասին 24News-ին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ուկրաինա բերակամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական լարվածության սրացմանը։

Հակոբյանն ասաց, որ կապի մեջ է հայկական համայնքի հետ, նաև խոսել է իր ուկրաինացի գործընկերոջ հետ։ «Քիչ առաջ նաև հեռախոսազրույց ունեցա Ուկրաինա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորներից մեկի հետ»։

Հակոբյանն ասաց, որ դեռևս տեղեկություն չունի՝ կա՞ն քաղաքացիականների շրջանում զոհեր, թե՞ ոչ։ 

«Քանի որ օդային ճանապարհը փակ է, և ցամաքային ճանապարհը շատ ավելի դժվար է ու վտանգավոր, դեռ չգիտեմ՝ ինչ որոշում կունենանք Հայաստանի քաղաքացիներին տարհանելու հարցով», - եզրափակեց Հրաչյա Հակոբյանը։

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԿԿ