Հակոբ Սիմիդյանը և Թոբիաս Մյունխմայերը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

սիմիդյան

 

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը այսօր հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Թոբիաս Մյունխմայերի հետ, այդ մասին նախարարը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Ա․ Մազմանյանը, Ա․ Մեյմարյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանը։

«Ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն եմ հայտնել հանդիպման համար և արձանագրել, որ շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի բնության հիմնադրամի միջև առկա է ավելի քան 12 տարվա համագործակցության հաջողված փորձ։

Բնության հատուկ պահպանվող տարածքներում, որտեղ CNF-ի օժանդակությամբ համատեղ ծրագրեր են իրականացվում, ակնառու է աշխատանքի արդյունավետության բարձրացում»։

Նախարարը նշել է, որ շրջակա միջավայրի նախարարությունը չափազանց կարևորում է և գնահատում կատարված աշխատանքը, ինչպես նաև հույս է հայտնել, որ նման ձևաչափի հանդիպումները նոր ազդակ կհաղորդեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին, և համագործակցության մակարդակի ավելի բարձր նիշ կսահմանվի։

Իր հերթին պարոն Մյունխմայերն շնորհակալություն է հայտնել համատեղ օգտավետ համագործակցության համար, որի արդյունքում հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ բարեփոխումներ։

Նա խոստացել է անել հնարավորը՝ արդյունավետ համագործակցության շարունակականության պահպանման համար։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Կովկասի բնության հիմնադրամի (CNF) հետ համագործակցության մի շարք աշխատանքային հարցեր և ընթացիկ ու առաջիկա ծրագրեր։

Քննարկել ենք շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցներում կառուցվածքային փոփոխությունների հարցը և համագործակցության նոր ծրագրեր ներգրավելու հնարավորությունը։

Անդրադարձ ենք կատարել Կովկասի բնության հիմնադրամի և շրջակա միջավայրի նախարարության միջև 2009 թ. մայիսի 22-ին կնքված շրջանակային համաձայնագրին, որը, ի թիվս այլի, նախատեսում է ԿԲՀ-ի կողմից դրամաշնորհների տրամադրում որոշակի ԲՀՊՏ-ների` նույն համաձայնագրով սահմանված «Ընթացիկ ծախսերը» ֆինանսավորելու համար։

Խոստացել եմ առաջիկայում աշխատանքային հանդիպումների և քննարկումների միջոցով առավել համակարգային անդրադառնալ թեմային»,- գրառման վերջում նշել է ՇՄ նախարարը:

--00—ՄՀ