Սիսեռյանը՝ Ավինյանին աջակցելու, «Տելեկոմ Արմենիայից» դուրս գալու, Radar.am-ը ղեկավարելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Hraparak.am-ը հարցազրույց է հրապարակել Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ, որը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախին վերաբերող փաստաթղթի ստորագրումից 10 օր անց՝ նոյեմբերի 19-ին, հրաժարական ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։ Նա միաժամանակ դադարեցրեց նաեւ անդամակցությունը Փաշինյանի հիմնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Դրանից հետո Սիսեռյանը տեղափոխվեց Ավինյանի ջանքերով «TEAM» ընկերության հիմնադիրներ Հայկ եւ Ալեքանդր Եսայան եղբայրներին վաճառված «Բիլայն» ընկերություն, որը վաճառքից հետո դարձավ «Տելեկոմ Արմենիա»։

Մի քանի ամիս այնտեղ մնալուց հետո էլ Սիսեռյանը դուրս եկավ «Բիլայնից» ու անհետացավ «ռադարներից», իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ ղեկավարում է Radar.am լրատվական կայքը, որը մինչ այդ միայն տելեգրամյան ալիքի տեսքով էր գործում։

Ֆրանսիայում ծնված, ապա Բեյրութում ապրած եւ Հայաստան տեղափոխված Սիսեռյանը, սակայն, մինչ օրս շարունակում է համարվել Ավինյանի մտերիմն ու թիմակիցը, ակտիվորեն շփվել նրա հետ։ Մեզ տեղեկություն հասավ, որ Երեւանի նոր քաղաքապետի ժամանակավոր ընտրությունից հետո Ավինյանը ցանկացել է քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար դարձնել հենց Սիսեռյանին, սակայն հանդիպել է ՔՊ-ականների դիմադրությանը։ Նշենք, որ Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման ավարտին երկար չի մնացել, մոտ օրերս Տիգրան Ավինյանը կնշանակվի փոխքաղաքապետ` դե ֆակտո քաղաքապետի լիազորություններով, իսկ 2023 թվականի ամռանը, երբ լրանա Երեւանի ավագանու գործունեության ժամկետը, նոր ընտրություններ կկայանան, որտեղ իշխանությունների քաղաքապետի թեկնածուն հենց նախկին փոխվարչապետ, 33-ամյակն օրերս նշած Տիգրան Ավինյանն է լինելու։

Մենք կապվեցինք Վարագ Սիսեռյանի հետ եւ հետաքրքրվեցինք` նրան փորձե՞լ են քաղաքապետարանում աշխատանքի նշանակել:

«Տեղյակ չեմ։ Ես մասնավորում եմ հիմա ու նպատակ չունեմ առաջիկայում պետական հիմնարկում կամ քաղաքապետարանում աշխատելու կամ նման մի տեղ»,- ասաց Սիսեռյանը։

- Իսկ Տիգրան Ավինյանի կողմից այդպիսի առաջարկ եղե՞լ է։

- Չէ։

- Շփվո՞ւմ եք Ավինյանի հետ։

- Հա, իհարկե, ամեն օր։

- Քաղաքական հարցեր քննարկո՞ւմ եք։

- Նաեւ կարող ենք քաղաքական հարցեր քննարկել, բայց առաջարկ կամ նման բան չի եղել երբեք։

- Հիմա, գիտեք, քննարկվում է Ավինյանի` քաղաքապետ դառնալու հարցը, նա իշխանության թեկնածուն է։

- Եթե նման որոշում կայացվի, ես կաջակցեմ Ավինյանին։

- Ի դեպ, իսկ ինչո՞ւ 2020-ի նոյեմբերին դուրս եկաք ՔՊ-ից եւ հրաժարական ներկայացրիք փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

- Անիմաստ է հիմա էդ մասին խոսելը։

- Հիասթափությո՞ւն կար իշխանություններից։

- Կնախընտրեմ հիմա նման մեկնաբանություն չանել։

- Ստացվում է՝ Դուք Ավինյանի թիմակիցն եք, բայց Նիկոլ Փաշինյանի կամ իշխանության թիմից չեք։

- Իշխանության թիմից լինելու բան չկա։ Իշխանության մեջ լիքը մարդիկ կան, որ մինչեւ այսօր էլ իմ ընկերներն են, ու ես դրանից չեմ հրաժարվել ու չեմ պատրաստվում հրաժարվել։ Այսինքն՝ միայն Տիգրան Ավինյանը չէ, շատ մարդիկ կան, ու ընկերական էդ հարաբերությունները կան։ Ամեն դեպքում, միասին ճանապարհ ենք անցել։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը Ձեզ համարո՞ւմ եք։

- Դե, հիմա ես ՔՊ կուսակցության անդամ չեմ, չգիտեմ՝ դա ոնց եք Դուք մեկնաբանում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ ընկերական հարաբերություն չունեմ, ընկերներ չենք, էլի։ Իսկ ում հետ որ ընկեր էի, շարունակում եմ ընկեր մնալ։

- Ո՞ւմ հետ, օրինակ, բացի Ավինյանից։

- Դե, շատ կան, Ռուբեն Ռուբինյանը կա էնտեղ, փոխնախարարներ կան, իրենց հետ հա՛մ ճանապարհ ենք անցել, հա՛մ աշխատել ենք երեք տարի։ Գեւորգ Սիմոնյանը կա, օրինակ, որը վերջերս փոխքաղաքապետ դարձավ, դրանից առաջ առողջապահության փոխնախարարն էր։

- Իսկ «Տելեկոմ Արմենիայից» ե՞րբ դուրս եկաք եւ ինչո՞ւ։

- 2021 թ․ հոկտեմբերին, անձնական պատճառներով։

- Հիմա զբաղված եք միայն Radar.am կայքո՞վ։

- Դե, միայն Radar.am-ը չի, այսինքն՝ լիարժեք լրատվական հարթակ է սարքվում, ընդլայնում ենք մեր գործունեությունը, հիմա դրան «ֆուլ» ժամանակ եմ տրամադրում։

- Կայքի հիմնադիրը Դո՞ւք եք, ե՞րբ է հիմնադրվել։

- Տելեգրամից դուրս՝ որպես ՍՊԸ, կայքը հիմնադրվել է 2021 թվականի մայիս-հունիս ամիսներին, իսկ տելեգրամ ալիքն ավելի վաղ կար՝ պատերազմի ժամանակ։ Բայց այդ ժամանակ ես չէի, ուրիշ մարդիկ էին, իմ դուրս գալուց հետո ես իրենց հետ կապ հաստատեցի, առաջարկ արեցի, էդ առաջարկն ընդունեցին, եւ ընդլայնեցինք գործունեությունը»։

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ