ՀԴՄ-ները 160 000 դրամի փոխարեն կտրամադրվեն 60 000-ով․ Փաշինյանի նոր որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

Thumbnail

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․

«Քիչ առաջ ավարտվեց իմ հերթական աշխատանքային հանդիպումը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ:

Հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից:

Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի:

Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր եւ միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, որոնք արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ եւ նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի:

Նշեմ նաեւ, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհը հանվում է, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ, բացի համանուն ՊՈԱԿ-ից, կարող են ձեռք բերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»: