Մխիթարյանը որոշեց փառքով ու բարձր մակարդակի վրա ավարտել կարիերան հավաքականում. Արթուր Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի որոշումը ընտրանու կազմում կարիերան ավարտելու մասին ցույց է տալիս, որ հայ կիսապաշտպանը ընտրանուց հեռանում է փառքի գագաթնակետին հասած:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան, Հայաստանի Մ19 և Մ21 տարեկանների ընտրանու նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը:

«Հենրիխի նման ֆուտբոլիստները, ովքեր աշխարհում մեծ ճանաչում ունեն, հեղինակություն են, օրինակ են երիտասարդ ֆուտբոլիստների համար: Այն ժամանակ, երբ ես էի խաղում հավաքակում, ինձ համար էլ օրինակ էին արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստները: Երիտասարդ ֆուտբոլիստները միշտ էլ սորովում են իրենցից տարիքով մեծ ֆուտբոլիստներից` Հենրիխն այդպիսի օրինակ էր հավաքականում»,-ասաց Ոսկանյանը:

Վերջինս շեշտեց նաև, որ  Մխիթարյանն օրինակելի էր ոչ միայն խաղադաշտում, այլ նաև իր ապրելակերպով:

«Հիմա հասել է այդ պահը, գուցե ինքն էլ է գիտակցում, որ ժամանակն է: Հավաքականում Մխիթարյանի դիրքում, նոր երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ կան: Մխիթարյանը որոշեց փառքով, բարձր մակարդակի վրա ավարտել կարիերան հավաքականում: Սակայն, սա բոլորիս համար մեծ կորուստ է»,-ասաց Ոսկանյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին: « Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։Հաջողություններ իմ ազգային հավաքականին: Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ասված է՝ Մխիթարյանի հայտարարության մեջ:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա  դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ:  Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։

 

--00--ՍԳ