Դասատուները կրակոցից վախեցան, մենք՝ չէ․ Երասխում սովորել են թշնամու սադրանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ ինտենսիվ փոխհրաձգություն է ընթանում: 

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նշանառու կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող։ Նրանցից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Վիրավորում ստացած մյուս զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

24News-ը մեկնեց Երասխ գյուղ՝ բնակիչների հետ զրուցելու և պարզելու, թե այսօր գյուղում կրակոցներ լսվե՞լ են և առհասարակ որքա՞ն հաճախակի են գյուղում կրակոցներ հնչում:

Բնակիչների խոսքով, օրվա տարբեր ժամերին ադրբեջանցիների կողմից կրակոցներ արձակելը դարձել է սովորական: Կրակոցներից ամենաշատը երեխաներն են վախենում, արդեն գիտեն՝ կրակոցի ձայն լսելիս պետք է բակից շուտ տուն վերադառնան: 

Այսօր ձայն չեն լսել, ենթադրում են՝ հավանաբար դիպուկահարից է զինծառայողը զոհվել:

Նշում էին, որ հաճախ են կրակոցների պատճառով վնասներ կրում, մի քանի ամիս առաջ հնձած խոտն է այրվել, պետությունից փոխհատուցում չեն ստացել, ասել են՝ բյուջե չկա: Մտահոգություններն ու խնդիրները գյուղում շատ են, բայց լավ գիտեն՝ երասխավանցին իր տունը չի լքի: 

Մանրամասները՝ տեսանյութում։