Այո, ռեստորաններում QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է․ Անահիտ Ավանեսյան ․«Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

Ավանեսյան

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Առողջապահության նախարարությունը վերացրեց փակ տարածքներում դիմակներ կրելու պահանջը ու կամաց գնում է կորոնավիրուսային սահմանափակումները հանելու ուղղությամբ։ Փոխարենը՝ սննդային անհասկանալի սահմանափակումներ են հիմա էլ մտցնում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ այդ սահմանափակումները գործում են միայն թղթի վրա՝ ոչ ոք չի հետեւում դրանց կատարմանը։ Բայց առողջապահության նախարարը համառությամբ շարունակում է դրանք մտցնել, հանել, հետո նորից մտցնել՝ չկարողանալով ապահովել դրանց կատարումը, քանի որ դա իր գործը չէ, դրանով պետք է ոստիկանությունը զբաղվի։ Օրինակ՝ աշխատավայրերում 2 շաբաթը մեկ թեստավորման, ռեստորաններում եւ ժամանցի վայրերում QR կոդով մուտք գործելու պահանջներն օրենքով սահմանված են, բայց անտեսվում են ինչպես կատարողների, այնպես էլ վերահսկողների կողմից։ Ինչ վերաբերում է քովիդին, այն կարծես ուզում է նահանջել, թեեւ ԱՀԿ-ից ասում են՝ նման հեռանկար դեռ չեն տեսնում։ Երեկվա տվյալներով, Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի 128 նոր դեպք եւ 5 մահ, կա 3 հազար 707 բուժվող հիվանդ։ Կորոնավիրուսի հետեւանքով առաջացած մահերի թիվը Հայաստանում երեկվա դրությամբ 8 հազար 568 էր։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրինք՝ փակ տարածքներում դիմակների կրման պահանջը վերացնելուց հետո թվերի փոփոխություն նկատվո՞ւմ է, հնարավո՞ր է դինամիկան այնպիսին լինի, որ նորից վերադառնանք սահմանափակումների խստացմանը։

«Այս պահին դեռ պահպանվում են նվազ թվերը՝ օրական, որը 2  շաբաթ է՝ արդեն գրանցում ենք և որևէ աճման դինամիկա չենք նկատում։ Գիտե՞ք, մի փոքր բարդ էր կանխատեսելը, մենք երկու տարվա ընթացքում հասկացանք, որ այս վիրուսը երբեմն շատ անկանխատեսելի շրջապտույտներ է ունենում։ Եթե շտամի փոփոխություն չունենանք, պետք է որ այս իրավիճակը պահպանվի»,- ասաց Ավանեսյանը։

- Հիմա ռեստորաններում QR կոդի պահանջը պահպանվո՞ւմ է։

- Այո, QR կոդի կարգավորումը դեռ ուժի մեջ է։

- Իսկ Հայաստան մուտք գործելու մասով փոփոխություններ կա՞ն, որոշ երկրներ, օրինակ, հանել են մուտք գործելիս պարտադիր թեստավորման պահանջը։

- Ոչ, դեռ ուժի մեջ են բոլորը՝ կտեսնենք, ընթացքում մենք էլ կվերանայենք։ Պետք է պահը ճիշտ ընտրել, թե երբ ես հանում սահմանափակումը, եւ մենք այդ դիմակների կրման սահմանափակումը հանեցինք այն ժամանակ, երբ որ բոլոր հետազոտությունները եւ այլ երկրներում կիրառված փորձը ցույց են տալիս, որ հիմա ավելի անվտանգ շրջան է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

--00--ՄՀ