Նախորդ տարի հսկայական գործ է արվել, որի արդյունքները կտեսնենք շուտով. Կարեն Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

․

2021թ.- ին, ընդհանուր առմամբ, 18 կարգապահական վարույթներ են տարվել Բարձրագույն դատական խորհուրդ: Որպեսզի դատավորները լավ աշխատեն, պետք է կարգապահական վարույթների մեխանիզմը ճիշտ գործադրվի: «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը;

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Պարոն Անդրեասյանի՞նչ է արել Արդարադատության նախարարությունը 2021թ-ի ընթացքում:

- 2021թ.-ի առաջին կիսամյակը գործադիր իշխանության համար եղել է ոչ այդքան նպաստավոր՝ բարեփոխումների իմաստով, որովհետև հիշում եք՝ պատերազմից անմիջապես հետո քաղաքական ինչպիսի ծանր  ճգնաժամ էր, հետո եղավ ընտրական գործընթաց, իսկ դրանից հետո ես կարող եմ ասել, որ կառավարությունն ամբողջ ուժով աշխատել է, ընտրությունների ժամանակ խոստացված արդյունքներն արդեն իսկ գրանցվել են:

- 2021թ.-ին դատական ոլորտում ի՞նչ բարեփոխումներ են եղել:

 - 2021թ.-ին ընդհանուր առմամբ 18 կարգապահական վարույթներ են տարվել Բարձրագույն դատական խորհուրդ: Որպեսզի մեր դատավորները լավ աշխատեն, պետք է կարգապահական վարույթների մեխանիզմը ճիշտ գործադրվի, դա ամենալավ ճանապարհն է, մեր դատական համակարգն առողջացնելու, բայց սա միակ փորձը չէ, որ արվել է, ավելացվել է դատավորների թիվը, բարձրացվել է մի շարք դատարանների դատավորների աշխատավարձերը և այս գործընթացը շարունակվելու է: Մեր նախարարությունն այժմ աշխատում է հաշտարարության և արբիտրաժային ինստիտուտների օրենսդրության վրա և 2021թ.-ին հսկայական, բայց չերևացող գործ է արվել, որի արդյունքները մենք կտեսնենք շուտով: Երբ Հայաստանում ամբողջությամբ գործի արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտները, մենք կկարողանանք բեռնաթափել դատարանները, և մարդիկ կտեսնեն, որ տարիներով ձգձգվող դատերը, որոնցից իրենք բողոքում են, տուժում են և արդարացի են դժգոհում, դրանք կթեթևանան:

Ես որոշել եմ նաև շարունակել 2022թ-ին շատ ինտենսիվ կարգապահական վարույթները, և հաշվետու լինել ձեր առաջ: Այդ ամբողջ գործընթացը թափանցիկ է, մենք ստանում ենք հարյուրավոր բողոքներ քաղաքացիներից և դրանցից ընտրում ենք ամենակարևորները, ամենակոպիտ խախտումները, դրանք տանում ենք ԲԴԽ, այնտեղ հրապարակային բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում: Այս ճանապարհով շարունակելու ենք առողջացնել դատական համակարգը: Պետությունը 2021թ.-ին միլիոնավոր դրամներ է ծախսել ԵՄ-ի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությամբ՝ վերանորոգրումների, գույքային և սոցիալական խնդիրները լուծելու համար, բայց մյուս կողմից էլ դատավորները ևս հաշվետու պետք է լինեն հասարակության առաջ:

- Սահմանադրական բարեփոխումների ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նախորդ տարի։

- 2021թ.-ին մենք կարողացանք ձևավորել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և խորհրդի աշխատանքները: Թե՛ տեղական, թե՛ միջազգային գործընկերները մեզ օգնեցին, որ այդ պրոցեսը լինի մասնակցային, թափանցիկ: Մենք կարող էինք մի քանի ամսում նստել և մի քանի հոգով գրել Սահմանադրություն, ինչպես դա եղել է տարբեր ժամանակներում, և հետո դա հրամցնեինք հանրությանը: Դրա փոխարեն մենք ամիսներ շարունակ չարչարվեցինք, և հիմա ձևավորել ենք մի մոդել, որը բոլոր միջազգային գործընկերները համարում են՝ և՛ թափանցիկ, և՛ մասնակցային: Հիմա ժողովրդի աչքի առաջ աուդիտ ենք անելու, տեսնելու ենք բոլոր խնդիրները, և միասին արդեն 2022թ.-ին կունենանք հայեցակարգային քննարկումներ, որոնք մաս-մաս կմատուցվեն հանրությանը: Կքննարկենք՝ կառավարման մոդելը՝ նախագահական, թե՞ կիսանախագահական պետք է լինի, դատարաններն ինչպե՞ս պետք է լինեն և այլն: Մեր ընթերցողներին ցանկանում եմ հիշեցնել, որ սպասում ենք նաև նրանց առաջարկներին, թե ինչ կցանկանային փոխել Սահմանադրության մեջ և ինչու՞:

- Հարկադիր կատարումն ապահողվող ծառայությունում ի՞նչ բարեփոխումներ են եղել:

- Մեզ համար շատ կարևոր ոլորտ է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը: ՀԿԱԾ-ն այն ոլորտն է, որտեղ դատարանում վճիռը ստանալուց հետո, այն կարող է մնալ թղթի վրա: Հետևաբար, եթե դու արդարություն ես ցանկանում՝ պետք է ոչ միայն լավ դատարան ունենաս, այլև լավ ծառայություն: Իմ պաշտոնավարման ընթացքում մենք այստեղ մի քանի ամիսների ընթացքում կարողացանք ունենալ լուրջ և կարևոր ձեռքբերում՝ գրեթե միշտ վնասով աշխատող ծառայությունը վերածեցինք դրական եկամտով աշխատող կառույցի: Այս ծառայությունը շահույթ է գեներացնում՝ ոչ միայն պետության, այլև՝ քաղաքացու համար: 2021թ.-ի ընթացքում 650մլն դրամի շահույթ է ստացել ծառայությունը, որը միշտ վնասով է աշխատել: Այդ շահույթը, բնականաբար, ծախսվելու է պետական կարիքների, ոչ թե անհատների համար: Պատկերացնում եք, թե ինչքան են շատացել գործերը, երբ մարդիկ արդարության են հասել, այսինքն դատարանի վճիռն են ունեցել՝ իրենց պարտքը, տունը, իրենց հետ գա և մենք կարողացել են դա իրենց վերադարձնել:

- Խոսեք, խնդրում եմ, նաև «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում կատարված փոփոխությունների մասին։  

- «Փորձագիտական կենտրոն»-ը շատ կարևոր է և անմիջական կապ ունի արդարության հետ: Դատարանում շատ հաճախ, դատավորի վերջնական որոշումը կախված է լինում փորձաքննությունից: Փորձաքննություններ են արվում օրինակ՝ քրեական գործերով և դատարաններում առկա գրեթե բոլոր գործերով կարիք է լինում փորձաքննության: Տարիներ շարունակ մեր կենտրոնն ունեցել է շատ ցածր որակ, չեմ խոսում՝ կոռուպցիոն երևույթների մասին: Բոլոր նրանք, ովքեր գիտեն, թե ինչ կարևոր է այս կենտրոնի գործունեությունը, չեն կարող անտեսել այն, իսկ <<Փորձագիտական կենտրոնը>> տարիներ շարունակ անտեսված է եղել: Վարչապետի հանձարարականով 2021թ.-ին 85%-ով բարձրացրել ենք աշխատավարձերը: Մյուս կարևոր փոփոխությունը՝ մոտ 300մլն.-ի գույք ձեռքբերելն էր, քանի որ հին սարքավորումներով հնարավոր չէր փորձաքննություն իրականացնել: Սա 2021թ.-ին պեբյուջեից հատկացված կարևոր ֆինանսավորում էր, որը օգնեց <<Փորձագիտական կենտրոնին>>: Նախատեսվում է 2022թ.-ին ևս 500մլն.-ի սարքավորումներ գնել, որպեսզի կենտրոնը կարողանա լիարժեք աշխատել ու օգնել արդարադատության իրականացմանը:

- 2021թ.-ին Քրեակատարողական ոլորտում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել:

- Մենք 2021թ.-ին փակեցինք 12 ՔԿՀ-ներից 2-ը՝ <<Կոշ>> և <<Հրազդան>> ՔԿՀ-ները: Սա ոչ միայն խնայողություն է պետական բյուջեի համար, այլև՝օպտիմալիզացիա է, որի շնորհիվ մենք կարողանում ենք օր օրի ավելի լավ կառավարել ընդհանուր համակարգը: Մեր օպերատիվ ծառայողների ջանքերի շնորհիվ 25%-ով աճել է կոռուպցիայի դեմ պայքարը: 2021թ.-ին օրինակ 20%-ով ավելի շատ դեպքեր են բացահայտել, երբ փորձել են ներս մտցնել թմրամիջոցներ, հեռախոսներ, որոնցով իրականացնում են խաղամոլության և շատ այլ ապօրինի գործողություններ: 2022թ.-ին մենք շարունակելու ենք զրո հանդուրժողականություն` քրեական ենթամշակույթի դեմ, որն ընդունվել էր դեռ իմ պաշտոնավարումից առաջ՝ մեր իշխանության կողմից, մենք ավելացնելու ենք այդ սկզբունքը՝ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների դեմ: 2021թ.-ին տեսախցիկներ տեղադրեցինք <<Արմավիր>> ՔԿՀ-ում, շուտով կլինի բացումը: Ամենամեծ և ամենածանր ՔԿՀ-ն կլինի ամբողջովին տեսախցկների տակ, և պատկերացնում եք, թե այդ հսկողությունը ինչպես կանդրադառնա նշածս ապօրինությունների վրա: Սկսել ենք արդեն նոր մոդելի քրեակատարողական հիմնարկի կառուցման ծրագրերը:

Չորս ՔԿՀ ունենք Երևանում՝ <<Վարդաշեն>>, <<Երևան կենտրոն>>, <<Նուբարաշեն>> ՔԿՀ-ներն ու Դատապարտյալների հիվանդանոցը, որոնք շատ վատ վիճակում են գտնվում: Այդ չորս ՔԿՀ-ների փոխարեն մենք կառուցելու ենք մեկ մեծ հիմնարկ: 2021թ.-ին մաքրել ենք դատապարտյալների հիվանդանոցը կոռուպցիոն երևույթներից, սանատորիայի կամ ապօրինությունների վերածած տարբեր տեսակի անձանցից: Այժմ այնտեղ գալիս են բացառապես բուժվելու համար:

- Պրոբացիոն ծառայությում ի՞նչ դրական փոփոխություններ են արձանագրվել:

 - Պրոբացիան այլընտրանքն է, որ մարդը չլինի քրեակատարողական հիմնարկում, այլ լինի ազատության մեջ, և աստիճանաբար վերադառնա ընտանիք: Սա նոր կառույց է, և ի սկզբանե եղել է շատ մաքուր ծառայություն, քան տասնյակ տարիներ առաջ եղած կառույցները: Նոր կառույցի մեջ խնդիրները եղել են, ոչ թե կոռուպցիոն, այլ ռեսուրսային երևույթները: 2021թ.-ին ընթացքում արձանագրվել է ընդհանուր վարույթների 40 տոկոս աճ: Այն մարդիկ, որոնք ՔԿՀ-ի փոխարեն եկել են Պրոբացիա, դրական ազդեցություն է թողել, որի շնորհիվ բեռնաթափվել են նաև ՔԿՀ-ները և 5000 տեղից հիմա զբաղեցված է 2100-ը: Ընդլայնվել են նաև Պրոբացիայի մարզային կառույցները, այստեղ ևս շատ անելիքներ ունենք: 2021թ.-ի շատ կարևոր ձեռքբերում է Քրեական դատավարության և քրեական նոր օրենսգրքերի ընդունումը, որը թույլ է տալիս նաև տնային կալանքը: Այսինքն, մարդուն կալանավորելու փոխարեն անձին կամրացնեն էլեկտրոնային հսկողության շղթան և այս երևույթը 2023թ.-ի հունվարից կմտնի ուժի մեջ:

--00--ԱՀ