Վահագն Խաչատուրյանին և նրա տիկնոջը հյուրընկալել են Փաշինյանն ու Աննա Հակոբյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի:

Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի: