Բաքվի առաջարկներում անընդունելի բան չկա, սակայն մեր առաջարկներն ամբողջացնում են օրակարգը. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ փորձելով ճշտել՝ իշխանությունը համաձա՞յն է Ադրբեջանի առաջարկած 5 նախապայմաններին, և մենք արդյոք չունե՞նք նախապայման Ադրբեջանին։

«Մեր ընկալումն այն է, որ, ըստ էության, մարտի 10-ին մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա (սա, կարծում եմ, պետք է փոխկապակցված ընկալել), այլ բան, որ այդ հարցերը, այդ առաջարկներն ամբողջապես չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը, և ահա մեր պատասխանները եկել են լրացնելու, ամբողջացնելու այս օրակարգը»,-ասել է Արարատ Միրզոյանը, ապա հավելել․ «Մեր պատասխաններում առանցքային և սկզբունքային ենք համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը․ ահա այս ամբողջական հենքի վրա մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ, և հենց այս առաջարկով էլ մենք դիմել ենք ԵԱՀՄ ՄԽ համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագիրը և Հելսինկյան եզրափակիչ ակտը»,-ասել է նա։

--00—ԼՄ