Ասկերանում, կողքի գյուղերում կրակոցի ձայներ չկան, մարդիկ աշխատատեղերում են․ բանակցություն է ընթանում

նկար

Արցախի սահմանին իրավիճակը շարունակում է ծայրաստիճան լարված մնալ, ռուս խաղապահները շարունակում են բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ։ Այս մասին 24News-ին ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը։

«Ասկերան քաղաքում, կողքի գյուղերում կրակոցների ձայներ չկան, մարդիկ իրենց աշխատատեղերում են, իրենց գործերին, ուղղակի սահմանին լարված է, հաղորդագրություններից ելնելով՝ այսքանն եմ կարող ասել», - նշեց Պետրոսյանը, ապա հավելեց, որ ադրբեջնական կողմն այսօր՝ ժամը 14։00-ի մոտակայքում, հարձակումներ է գործել, և որ վիրավորների մասով դեռևս կոնկրետ տվյալներ չկան։ 

Ըստ պաշտոնյայի՝ Փարուխ և Խրամորթ գյուղերի բնակիչերն են տարհանվել, նրանք ապահովվել են սննդով և ջրով։

«Ընթացիկ հարցերն էլ լուծվում են տեղում, առանձին խնդիրներ չկան», - եզրափակեց նա։

Առավոտյան 24News-ի հետ զրույցում Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնականն ասել էր, որ միջանցք է տրամադրված, որպեսզի ադրբեջանցիները երեկվանից իրենց վերահսկողության տակ հայտնված Փառուխից հետ քաշվեն ելման դիրքեր։ Ադրբեջանական դիրքերը գյուղից հեռու են մոտ 1 կիլոմետր։

Ավելի վաղ Արցախի պատշպանության բանակն հաղորդագրություն էր տարածել, որ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի։ «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է»:

Սերգեյ Առաքելյան