Ծառուկյանը Քրիստոսի անունն օգտագործելով փորձում է մեծ քաղաքականություն վերադառնալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

հասարակական

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որ կարծես հերթական անգամ փակել էր քաղաքականության մեջ իր էջը, հանդես է Հիսուս Քրիստոսի հուշարձանի կառուցման նախաձեռնությամբ։ Ընդ որում, այս ամենը ներկայացվում է «համազգային միասնության ու աստվածահաճո» բարձրագորգոռ սոուսներով այն ժամանակ, երբ այս նախաձեռնությանը դեմ են արտահայտվել ոչ միայն հեղինակավոր քաղաքական, մշակութային ու հասարակական գործիչներ, այլև ամենակարևոր մարմինը՝ Հայ Առաքելական եկեղեցին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բավական դիվանագիտական լեզվով շնորհակալություն է հայտնել Ծառուկյանին, սակայն նաև հավելել, որ այն հակասում է մեր եկեղեցու կանոններին։ 

Դրանից հետո, սակայն, հուշարձանի կառուցման հանձնախումբը՝ նույն ինքը Ծառուկյանը, կրկին հայտարարել է, որ հուշարձանը պետք է կառուցվի։ 

Ակնհայտ է դառնում, որ այս ամենն արվում է մի բանի համար՝ շոյելու ԲՀԿ ղեկավարի  փառասիրությունը, որը մեղմ ասած չի կարողանում հանդուրժել քաղաքական լուսանցքից դուրս հայտնվելը։ Մեր աղբյուրների համաձայն, շուտով կհայտնվեն «բազմաթիվ ու բազմապիսի» մշակութային գործիչներ, միգուցե անգամ հոգևորականներ, որոնք կհայտարարեն, թե ինչքան կարևոր է այս նախաձեռնությունը և ինչքան մեծ ավանդ ունի հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ Գագիկ Ծառուկյանը։ Այս ամենը կարող է հասնել նրան, որ մի քանի հոգի դիմեն Մայր Աթոռին Ծառուկյանին սրբադասելու պահանջով։ 
Այս ամենը ծաղր է մեր Եկեղեցու, պետության և հազարամյա ինստիտուտների նկատմամբ, որի միակ խնդիրը Ծառուկյանի փառասիրության բավարարումն ու նրա քաղաքական կրկնամուտքն ապահովելն է։ Այլ բան չկա։ 

Սուրեն Կամսարական