Որքան Ուկրաինայում լարվածությունը շարունակվում է, այնքան Արցախում բախման վտանգը մեծ է դառնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Արցախ

Եթե Քարագլխի բարձունքի հետ կապված ինչ-որ բան եղած լիներ, արդեն պետք է եղած լիներ, իսկ ընդհանուր առմամբ բախման ռիսկերը, ցավոք սրտի, միշտ էլ կան Ուկրաինայում լարվածության ֆոնին։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն էր տարածել, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում, իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: «Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքերով՝ որքան Ուկրաինայում լարվածությունը շարունակվում է այնքան Արցախում բախման վտանգը մեծ է դառնում։ «Եթե Նիկոլ Փաշինյանը ադրբեջանցիներին տալիս է հնարավորություն, եթե 1,5 տարում ամեն ինչ արվեց, որ Հայաստանի զինված ուժերը չվերականգնվեն՝ կադրային ջարդերով և այլն, պարզ է, որ ադրբեջանցիներն էլ անընդհատ օգտվելու էին այդ իրավիճակից, ամեն ինչ տրամաբանական է», - նշեց Կարեն Վրթանեսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ադրբեջանական զինուժը ուղիղ բախման մեջ կմտնի՞ ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ, ռազմական փորձագետն ասաց, որ դա կախված է Ռուսաստանից, նաև թե միջազգային հանրությունն ի՞նչ ճնշումներ կգործադրի Ադրբեջանի ուղղությամբ, ի՞նչ առաջարկներ կանի Ադրբեջանին։ «Այսօր շատ երկրներ հետարքրքրված են, որ Ռուսաստանը մի քանի ճակատով խրվի, այս վտանգը միշտ էլ կա։ Այդ մասին խոսել ենք 2020 թվականի եռակողմ հայտարարությունից հետո, խոսել ենք այն մասին, որ Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի զինված ուժերի վերականգնումը, որ եթե զինված ուժերը չվերականգնվեն, ապա Ադրբեջանին ոչինչ չի զսպելու նոր արկածախնդրության գնալ, մանավանդ եթե Ռուսաստանի գլուխն ինչ-որ բանով խառը լինի՝ Սիրիայում, Ուկրաինայում և այլն»։

Վրթանեսյանը նշեց, որ հրապարակավ հայտարարել է Ուկրաինայում նոր «ճաշ եփվելու» մասին․ «Ավելին ասեմ, Ուկրաինան ոգևորվել է 44-օրյա պատերազմի արդյունքներով՝ դա ընկալելով ոչ միայն որպես Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի դաշնակցի պարտություն, ինչը նշանակում է նաև Ռուսաստանի պարտություն։ Սա ակնհայտ է նաև Ուկրաինայի գործողություններից»։ 

«44-օրյա պատերազմից հետո ակտիվացավ թուրք-ուկրաինական ռազմական համագործակցությունը, շաբաթը մեկ ուկրաինացիները թռնում էին Թուրքիա, թուրքերն էին գալիս Ուկրաինա, «Բայրաքթարների» պատմությունը, ռազմավարական շարժիչների գործարան կա Զապորոժիեում, չինացիներն էին գնել, դա բառացի խլեցին չինացիների ձեռքից, տվեցին թուրքերին և այլն։ Այսինքն՝ ամեն ինչ խոսում էր այն մասին, որ Ուկրաինան շատ ակտիվ պատրաստվում է ռազմական գործողությունների», - եզրափակեց փորձագետը։

--00--ԿԿ