Անցյալի վրա գիծ քաշելու կոչ անողը պառակտման մթնոլորտ չի հրահրում. «Ազատ Արցախը»՝ Բաբայանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

Thumbnail

Արցախի նախագահի խորհրդական, Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունն արձագանքել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակի՝ Արայիկ Հարությունյանին հասցեագրված հայտարարությանը: Հայտարարությունը՝ ստորև․

«1. Պարոն Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերն են արձագանքել, և, որպես հռետորական հարց, հետաքրքիր է, թե ինչո՞ւ պատասխանն ուղղված էր միայն պարոն Հարությունյանին... Դա թողնում ենք ընթերցողի դատին:

2. Արցախի Հանրապետության իշխանությունը պաշտոնապես ընդգրկված չեն բանակցային գործընթացում, իսկ ՀՀ իշխանությունի կողմից դիվանագիտական հարթակներում քննարկված ցանկացած փաստաթուղթ, այդ թվում՝ «Կազանյան» կամ «Մադրիդյան», եթե ընդունելի լիներ Արցախի իշխանության և ժողովրդի համար, ապա վաղուց այն կենսագործված կլիներ:

3. Ինչ վերաբերում է Ստեփանակերտում տեղի ունեցած «հայտնի» հանդիպումներին, ապա մեկ անգամ ևս շեշտում ենք, որ մեկ հանդիպում տեղի է ունեցել 2016 թ. ապրիլին, իսկ երկրորդն ու երրորդը՝ Անվտանգության խորհրդի անդամների և ապա Արցախյան շարժման ակտիվիստների հետ՝ 2016 թ.-ի հուլիսի 16-ին: Նշվածներից երրորդին, ի դեպ, Արայիկ Հարությունյանը չի մասնակցել: Հաշվի առնելով տվյալ հանդիպման մասնակիցների թվարկումները Ս. Բաբայանի կողմից՝ պետք է, որ այդ մասին նա տեղեկացված լիներ, և հարց է առաջանում կրկին, թե ինչո՞ւ նա անտեսել է այդ հանգամանքը:

4. Չենք զլանա հուշել Սամվել Բաբայանի գրասենյակին, որ իրենց կողմից 2016-2017 թթ. վերագրվող կազանյան գործընթացը տեղի է ունեցել 2011 թ. հունիսին, և դրա մասին բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ ու մամուլի հրապարակումներ կան. պարզապես պետք է փաստերը ստուգել, հետո մերկապարանոց հայտարարություններ անել:

5. Կրկին անդրադառնալով բանակցային գործընթացում քննարկված տարբերակներին՝ ցանկանում ենք նշել, որ 2014 թ.-ին Արայիկ Հարությունյանը, լինելով Արցախի Հանրապետության վարչապետ, հրապարակավ արտահայտվել է այդ ժամանակահատվածում քննարկվող «Մադրիդյան սկզբունքների» անընդունելի լինելու մասին (տե՛ս «Առցանց հարցուպատասխան ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ #2», 27 հուլիսի, 2014թ., հղում): Եվ այս իմաստով նրա դեմ իրականացվող ցանկացած «մեղադրական ճառ» համարում ենք անընդունելի և ճղճիմ շահարկում:

Իսկ որպես հետգրություն՝ նշենք, որ անցյալի վրա գիծ քաշելու, համերաշխության կոչեր անող գործիչը անհանդուրժողականության, ատելության և պառակտման մթնոլորտ չի հրահրում: Արցախում պատերազմը դեռ չի ավարտվել, և հայ ժողովրդի միասնական ջանքերով կռած հաղթանակը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ թե թուլացնել, այլ ամրացնել ներքին միասնականությունն ու հանդուրժողականությունը»:

ՀԻշեցնենք, որ Սամվել Բաբայանը «Ազատությանը» տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ 2017-ին Սերժ Սարգսյանը Արցախի վերնախավին հավաքել է դահլիճում և խոսել տարածքային զիջումների մասին, իսկ վերնախավը որևէ կերպ չի ընդդիմացել նրան: Դրանից հետո Արցախի տարբեր պաշտոնյաներ արձագանքելն էին և հերքել, թե իրենց որևէ բան է պարտադրվել այդ հանդիպումների ժամանակ: