Իշխանության վարկանիշն այնքան է իջել, որ հանրահավաքով չես էլ կարող իջեցնել․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

քաղաքական

Այսօր «Ազատության» հրապարակում նախատեսված հանրահավաքի ազդեցությունը կախված է նրանից, թե որքան մարդ կգա։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների հայտարարած հանրահավաքի մասին։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ քիչ թվաքանակով հանրահավաքն էական ազդեցություն չի թողնելու վաղը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ կայանալիք եռակողմ հանդիպման վրա, որի կողմերն են լինելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Բրյուսելում քննարկվելու է հայ-արդբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

Ապրիլի 1-ին Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով քաղաքացիներին, անկախ քաղաքական հայացքներից, մասնակցել այսօր 18։30-ին «Ազատության» հրապարակում նախատեսված հանրահավաքին, որը կրում է «ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ՝ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կարգախոսը։ «Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել», - նշված է հայտարարության մեջ։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ այս հանրահավաքը գործող իշխանության վարկանիշի վրա ո՛չ դրական, ո՛չ բացասական ազդեցություն չի ունենա։ «Իշխանության վարկանիշը բավականին ցածր է, իշխանության վարկանիշն այնքան է իջել, որ չես էլ կարող իջեցնել այն։ Որոշակի կայուն վիճակի հասել է ու այդպես էլ մնում է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ներքաղաքական գործընթացների վրա ազդեցությանը, տեսնենք՝ հանարահավաքն ինչ նպատակ է հետապնդում։ Եթե ուժ ցույց տալու հանրահավաք է, ապա առնվազն 30-40 հազար մարդ պետք է լինի, որ ըստ այդմ էլ ասենք՝ ուրիշ զարգացումներ կարող են լինել։ Պետք է հասկանանք՝ այս հանրահավաքի նպատակը ո՞րն է․ ուժ ցուցադրելո՞ւ, թե՞ ընդամենը ինչ-որ գործընթացի մեկնարկային կետ է»։ 

Ըստ Բադալյանի՝ եթե մեկնարկային կետ է, 5 հազար մարդը բավարար է։ «Բայց մենք պետք է հասկանանք՝ հետագայում ինչ-որ գործողություններ հետևելո՞ւ են, թե՞ հանրահավաքից հետո գնալու են պայմանականորեն ասած «թեյ խմելու»։ Մինչև հանրահավաքը չկայանա, չենք կարող ասել։ Մի բան կարող ենք փաստել՝ հայաստանյան հասարակությունն այլևս այն ուժը չունի ու չի էլ ունեցել, որ կարողանա ներքաղաքական գործընթացներով իշխանություն փոխել, եթե չլինի դրսի «դաբրոն», այս պահի դրությամբ՝ մասնավորապես Ռուսաստանի «դաբրոն»։ Իսկ դրա հարցը պարզ կլինի ուկրաինական իրադարձությունների ավարտին մոտ ենթադրաբար։ Երբ որ այնտեղ Ռուսաստանը կհասնի իր համար հաղթական ավարտի, նոր դրանից հետո կարող ենք ասել՝ Հայաստանում ինչ քաղաքական զարգացումներ կարող են տեղի ունենալ։ Մինչև այդ անորոշ ձգվելու է իրավիճակը», - եզրափակեց փորձագետը։