Աղվան Հովսեփյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել, մեղադրանքը փոխվել է. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 7, 24News

default (3).jpg

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով կրկին նախաքննության ավարտ է հայտարարվել, ինչից առաջ մեղադրանքի որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Մոտ ութ ամիս է, ինչ ասում էինք, որ, օրինակ, պարոն Հովսեփյանին առաջադրված խարդախության մեղադրանքն ապօրինի մեղադրանք է։ Փաստորեն՝ մենք ճիշտ դուրս եկանք և այդ մեղադրանքը փաստացի պարոն Հովսեփյանի մասով փոփոխվեց և մեր փաստարկները հիմք ընդունվեցին, որ կոնկրետ այդ մեղադրանքը, այն փաստական հանգամանքները, որոնք նկարագրված են մեղադրանքի որոշման մեջ, ուղղակի որևէ կերպ չեն կարող համապատասխանել խարդախության հանցակազմի հատկանիշներն։ Ինչպես պարզ դարձավ՝ նրանք այդ մեղադրանքն ուղղակի փոխեցին և իրենց գործելաոճը, գործողություններն արդարացնելու համար ասում են՝ խարդախություն չէ, բայց վատնման դրդչություն է»,- նշել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ տվյալ պարագայում ոչ միայն խարդախության հանցակազմն այդ հանգամանքների շրջանակներում չի կարող գոյություն ունենալ, այլև, առավել ևս, վատնման դրդչությունը։

Փաստաբանի խոսքով՝ պաշտպանական կողմը ցանկանում է, որ մեկ րոպե շուտ գործն ուղարկվի դատարան, որ հանրությունն էլ տեսնի իրենց ճշմարտացիությունը ։

«Կներկայացնենք բավարար փաստարկներ, հիմնավորումներ, որոնք բխելու են ոչ միայն գործի փաստական հանգամանքներից, որոնք գործով կան, հաստատված են, այլև այն, որ տվյալ պարագայում Աղվան Հովսեփյանի, ինչպես նաև՝ գործով մյուս մեղադրյալ Վրեժ Մարկոսյանի գործողությունները որևէ կերպ չեն կարող համապատասխանել վատնման հանցակազմին»,- արձանագրել է փաստաբանը՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը մոտ 1,5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Ընդ որում՝ դատարանները բավարարել են քննիչի միջնորդությունները՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ այն երկարացնելու մասին՝ ընդունելով հանդերձ, որ հիմքեր չկան կարծելու , որ նա կարող է թաքնվել քննությունից կամ ազդել վկաների վրա՝ արձանագրելով, որ նրանց շրջանակն անորոշ է, հետևապես, նրանց նկատմամբ խոչընդոտման ռիսկը գրեթե բացակայում է։

--00--ՀԶ