Բանակի քաղաքականացման ֆոնին ԶՈւ-ում լրտեսական ցանցեր են գործել․ Սոթք-Խոզնավարում եղածը արդյունքն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

Ելույթի սկզբում խոստացա խոսել նաեւ 2021 թվականի մեր ձախողումների մասին եւ որպես այդպիսին պիտի հիշատակեմ 21 թվականի մայիսի 12-ի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սոտք-Խոզնավար հատվածում: Ինչու այդ ձախողումը տեղի ունեցավ: Այս հարցի պատասխանը ստանալու համար թերեւս տեղի ունեցածը պետք է դիտարկել դրան նախորդած մի շարք կարեւոր իրադարձությունների խորապատկերում:

2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով եւ մեր երկիրը թեւակոխեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջափուլ եւ միանշանակ է, որ դրանից երկու օր անց տեղի ունեցած ներխուժման մոտիվացիաներից մեկը Հայաստանի Պետական ինստիտուտները եւ պետականությունը կաթվածահար անելն էր, նախընտրական եւ ետընտրական քաոսի հարուցումը եւ ընտրությունների արդյունքների վրա կոնկրետ ազդեցություն ունենալը: Կարող ենք ուղիղ ասել, որ դա հարձակում էր նաեւ Հայաստանի ժողովրդավարության վրա:

Բայց մայիսյան ներխուժման համատեքստը կիսատ կմնա, եթե հաշվի չառնենք փետրվարին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը բացահայտ կերպով քաղաքականության մեջ ներքաշվեց, կառավարության հրաժարականը պահանջող հայտարարություն տարածելով: Պետք է արձանագրել, որ ընդդիմությունը, որի երբեմնի առաջնորդի խոստովանությամբ, ինքը դեռ պատերազմի ժամանակ էր գեներալներին կոչ անում հրացանափողերն ուղղել ոչ թե հակառակորդի, այլ Հայաստանի կառավարության շենքի վրա, ի վերջո հասավ իր նպատակին եւ պարզվեց, որ բանակում կան ուժեր, որոնց ավելի շատ հետաքրքրում է ոչ թե այն, ինչ կատարվում է սահմանին, այլ այն, թե ինչ կատարվում է Հանրապետության Հրապարակում, Բաղրամյան պողոտայում, Մելիք-Ադամյան փողոցում:

Զինված ուժերի քաղաքականացումը, ներքաշումը քաղաքական ինտրիգների մեջ հերթական անգամ ցույց տվեց իր աղետաբերությունը եւ երբ հետահայաց վերլուծում ենք շատ իրադարձություններ, երբեմն տպավորություն է, թե ռազմական անհաջողությունները ոմանց պարզապես անհրաժեշտ են Հայաստանում իշխանափախության շարժառիթ ձեւակերպելու համար: Իհարկե, սա կարող է կոնսպիրոլոգիա թվալ, որը ոչ մի կոնկրետ փաստով հիմնավորված չէ, բայց վերլուծությունները հանգեցնում են նման մտքերի: Մի շարք բարձրաստիճան զինվորականների բացահայտ հայտնվելը ընդդիմադիր դաշտում՝ պաշտոնանկությունից անմիջապես հետո և գործնականում էլ դրանից առաջ, հաստատում են այն վարկածները, որոնց մասին խոսել եմ հայտնի իրադարձություններից առաջ:

Նրանցից շատերը այսօր ընդդիմադիր ելույթներ են ունենում, մինչդեռ իրենք են եղել անձնական պատասխանատուն մի շարք ձախողումների, որոնց համար մեղադրում են կառավարությանը:

Ամեն դեպքում, հենց բանակի երկարամյա քաղաքականացումը, նրա լիարժեք ներգրավումը կոռուպցիոն շղթաներում դարձան այն համակարգային խոցերից, որոնք մեզ կանգնեցրին աղետի առաջ: Ու նկատի ունեմ ոչ միայն ուղիղ, այլեւ հարակից էֆեկտները: Վերը նկարագրված անպատասխանատվության, քաղաքականացման եւ ընդդիմադիրացման ֆոնին է, որ ինչպես բոլորովին վերջերս պարզվեց, Հայաստանի զինված ուժերում Ադրբեջանի կողմից ձեւավորված լրտեսական ցանցեր են գործել:

Սա մենք կարող ենք ասել Ազգային անվտանգության ծառայության այս պահին իրականացրած բացահայտումների վրա հիմնվելով, որոնք արդեն լրջագույն հարցեր են առաջացնում:

Բայց ակնհայտ է, որ քաղաքականացման հետեւանքով բանակի շուրջ մեկուկես ամսվա կաթվածահար վիճակը 2021 թվականի փետրվար-ապրիլին ուղիղ հետեւանք ունեցավ ի դեմս Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման եւ այդ իրադարձությունները ավելի հրատապ դարձրին բանակի բարեփոխումների օրակարգը, որի հիմնական նպատակներից մեկը պետք է լինի բանակի պրոֆեսիոնալացումը, ժամկետային զինծառայության համակարգը վերափոխելով պահեստազորի պարբերական հավաքների, մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ հիմա իրականացնում ենք եռամսյա վարժական հավաքները: Իդեալում դա մեկ մարդու կյանքում պիտի կրկնվի մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ:

Հարգելի գործընկերներ,

Սոտք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ ձախողում էր նաեւ կազմակերպության համար: Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի, ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել, արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի, մնալով դիտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ մինչեւ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում: Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում: