Սոթք-Խոզնավարում տեղի ունեցածը ԶՈՒ-ի և կառավարության ձախողումն է, բայց նաև ձախողում էր ՀԱՊԿ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

նկար

«Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը անշուշտ Զինված ուժերի եւ կառավարության ձախողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, կարծում եմ՝ ձախողում էր նաեւ կազմակերպության համար»,-ԱԺ նիստին նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ ՀԱՊԿ-ը մինչեւ օրս խնդրո առարկա հատվածում մոնիտորինգ իրականացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտավախությունը, թե Հայաստանի անվտանգության համակարգի համար կարեւորագույն նշանակություն ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիտորդի կարգավիճակում:

«Փաստն այն է, որ մինչ օրս ՀԱՊԿ-ը նույնիսկ դիտորդի կարգավիճակով որեւէ ձեւով այս իրավիճակը չի հասցեագրել:

Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոտք-Խոզնավար հատվածում իրական սպառնալիքներ ստեղծելով Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Բայց նաեւ ուզում եմ արձանագրել, որ այդ իրադարձությունների հետեւանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կիլոմետր տարածքները ցավոք միակը չեն Հայաստանի Հանրապետությունում:

Դեռեւս 90-ականների սկզբից եւս շուրջ 70 քառակուսի կիլոմետր տարածքներ գտնվում են այդ կարգավիճակում եւ ինչպես ասել եմ՝ մեր քաղաքականությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովի գործունեության համատեքստում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ