Մարադոնայի մահվան գործով 8 բուժաշխատողի սպառնում է 5-25 տարվա ազատազրկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

ղզցղզց

Ոստիկանությունն ավարտել է լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան գործով հետաքննությունը։ Ոչ դիտավորյալ սպանության մեղադրանք է առաջադրվել 8 բուժաշխատողի, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

Դատարանի առաջ կկանգնեն Մարադոնայի բժիշկը, հոգեբույժը, եւս 6 բուժաշխատող։ Նրանց սպառնում է 5-25 տարվա ազատազրկում։ Ոստիկանության վարկածով՝ բժիշկները Մարադոնայի բուժման գործընթացում թույլ են տվել հանցավոր անփութություն եւ անուշադրություն, ինչի հետեւանքով էլ վրա է հասել մահը։ Իրավապահները վստահ են, որ պատշաճ բուժօգնության դեպքում՝ հնարավոր կլիներ կանխել կամ հետաձգել Մարադոնայի մահը։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան 2020թ. նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղումից հետո: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։

Լեգենդար հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել էր 1976 թվականին արգենտինական «Արգենտինոս Խունիորս» ակումբում: 1981-1982 թվականներին Մարադոնան հանդես է եկել «Բոկա Խունիորսում», 1982-1984-ին՝ կատալոնական «Բարսելոնայում», 1984-1991-ին՝ իտալական «Նապոլիում», 1992-1993-ին՝ իսպանական «Սևիլիայում», 1993-1994-ին՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյսում»: Որպես ֆուտբոլիստ Մարադոնայի վերջին ակումբը եղել է «Բոկա Խունիորսը», որտեղ արգենտինական ֆուտբոլի լեգենդը վերադարձել է 1995 թվականին և խաղացել մինչև 1997 թվականը:

Արգենտինայի ազգային հավաքականում Մարադոնան հանդես է եկել 1977-1994 թվականներին՝ դառնալով 1986թ․ աշխարհի չեմպիոն:

Մարադոնան 2008-2010 թվականներին գլխավորել է Արգենտինայի հավաքականը, որտեղից հեռանալուց հետո աշխատել է «Ալ Վասիում», «Ֆուջարիայում», «Դորադոս դե Սինալոայում»: 2019 թվականից մարզիչը գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:

--00--ՍԳ