Պիտի ծագի Արցախի ազատ և անկախ ապրելու լուսավոր առավոտը. Վեհափառ Տեր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգիրն Երկրորդը իր զատկական ուղերձում անդրադարձավ Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակին՝ կոչ անելով անկախ քաղաքական հայացքներից ու տարակարծություններից՝ առ հայրենին պահել հավատամությունը, իսկ ազգին՝ անսակարկ նվիրումը:

«Այս ոգով մեր կյանքից պիտի մերժենք անտարբերությունը, անհանդուժելի աղետաբեր հարմարվողականությունը և հզորություն ու առաջընթաց ապահովենք մեր ժողովրդին և շեն ու բարօր ապագա՝ սերունդներին:

Ամենքս այսօր մտահոգ ենք մեր երկրի, մեր պետականության անվտանգության խնդիրներով, արտաքին մարտահրավերներով, մեր հասարակական ու քաղաքական անհանգստություններով ու լարվածությամբ: Մտահոգ եք մեր հայրենյաց սրբազան մասունքի բարդ իրավիճակով, որի նկատմամբ տակավին շարունակվում են սադրանքներն ու ոտնձգությունները:

Սիրելի՛ արցախցիներ, մենք քաջ գիտենք ձեր հերոսական ոգին, ձեզ հատուկ արիությունն ու փորձություններին դիմակայելու հաստատակամությունը: Վստահ ենք՝ դուք չեք ընկճվելու դժվարություններին հանդիպան, և շենացնելու եք մեր հարազատ բնօրրանը՝ առ Աստված ապավինությամբ վառ պահելով հույսն ու հավատը, որ մարդասիրություն ու արդարությունը պիտի հաղթեն, որ պիտի ծագի Ացախի ազատ ու անկախ իրավունքի ճանաչման լուսավոր առավոտը»,-ասել է կաթողիկոսը և կոչ արել ազգովի զորակից լինել ծանր փորձությունների միջով անցնող Հայաստան-Արցախ ժողովրդին»:

--00—ԼՄ