Գործադիրի ծրագիրը չափազանց զգուշավոր է․ կարելի էր ավելի համարձակ քայլել ձեռնարկել․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Thumbnail

«Համաձայն եմ, որ կառավարության ծրագրում թվերը քիչ են, բայց չկան հստակ չափորոշիչներ, թե ինչքան թիվ պետք է լինի։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ըստ պատգամավորի՝ ինքը կնախընտրեր, որ կառավարության ծրագրում ավելի շատ թվեր լինեին։

«Այնտեղ նաև նշված են ՀՆԱ-ում ներդրումների բաժինը, արտահանման բաժինը, որոնք կարևոր ցուցանիշներ են։ Բացի դրանից՝ նախընտրական ծրագրից մեզ մնացել են նաեւ այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են աղքատության մակարդակի կրճատումը 10 տոկոսով և գործազրկության կրճատումը 5 տոկոսով», - ասել է Թունյանը՝ հավելելով, որ հինգ տարի հետո հասարակությունը կկարողանա հասկանալ՝ կատարե՞լ են իրենք իրենց խոստումները, թե՞՝ ոչ։

Թունյանը կարծում է՝ կառավարության ծրագրի դերը չարժի ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել։ Չէ՞ որ առաջ խորհրդարանի դիտարկմանն էին ներկայացվում ոչ պակաս դրական կառավարական ծրագրեր, բայց դրանք այդպես էլ իրականություն չէին դառնում։ Քաղաքական գործիչը համոզված է, որ շատ բան կախված կլինի կառավարող թիմի աշխատանքից։

Բաբկեն Թունյանն այնուամենայնիվ կարծում է՝ կառավարության ծրագիրը չափազանց զգուշավոր է, և կարելի էր ավելի համարձակ քայլեր ձեռնարկել։

«Օրինակ, այդ նույն տնտեսական աճի հարցում նպատակները կարող էին ավելի էական լինել։ Բայց մյուս կողմից ավելի լավ է նվազագույն նպատակ առաջադրել, իսկ հետո հասնել ավելիին»,- նշում է հանձնաժողովի նախագահը։