Ստամբուլում ռազմական ուղղաթիռ է կործանվել. զոհվել է 4 զինվորական

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 11, 24News

Ստամբուլի ասիական կողմում գտնվող Չեքմեքյոյ շրջանի տարածքում թուրքական ռազմական ուղղաթիռ է ընկել, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:

Աղբյուրի հաղորդմամբ Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան հաստատել է տեղեկությունն ու հայտնել 4 զոհի մասին:

Հայտնի է, որ մահացածները զինվորականներ են, բնակչության շրջանում տուժածներ կամ զոհեր չկան:

Ամերիկյան արտադրության UH-1 տիպի ուղղաթիռն ընկել է Չեքմեքյոյի Քըրազլըդերե թաղամասի այգիներից մեկի տարածքում: Ուղղաթիռում գտնվող զինվորականները միջադեպից հետո տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել են:

Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը, արագ կորցնելով բարձրությունը, փորձել է արտակարգ վայրէջք կատարել ու արդյունքում ընկել է: Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսված: