Մեզ համար չափազանց կարևոր է հայ-նիդեռլանդական առևտրատնտեսական կապերի սերտացումը. Մհեր Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Նիդեռլանդների ազգային միասնությունը խորհրդանշող տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ Նիդեռլանդների դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետը շնորհավորել է տոնի առթիվ և մաղթանքներ հղել Նիդեռլանդների կառավարությանն ու Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին:

Փոխվարչապետը մասնավորապես նշել է.

«Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-րդ տարում կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև ձևավորվել է միջպետական արդյունավետ և բազմաբովանդակ համագործակցություն` հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Մեր միջպետական հարաբերություններն առավել դինամիկ հունով զարգանալու և համագործակցության ամենատարբեր ոլորտներ ընդգրկելու մեծ ներուժ ունեն։

Ուրախությամբ եմ նշում, որ այսօր մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը լավագույնս է արտահայտվում տարբեր մակարդակի փոխայցերով: Դրա վկայությունն է այս տարվա մայիսին նախատեսվող միջպետական հարաբերությունների 30-ամյա պատմության ընթացքում Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցը Հաագա։

Համոզված եմ, որ այցը որակապես նոր լիցք կհաղորդի մեր բարեկամ երկրների միջև սերտ հարաբերությունների ամրապնդմանը և համապարփակ զարգացմանը։ Հայաստանը բարձր է գնահատում տարիներ շարունակ Նիդեռլանդների կառավարության նախաձեռնությամբ Հայաստանում իրականացվող զարգացման տարաբնույթ ծրագրերը: Մեզ համար չափազանց կարևոր է նաև հայ-նիդեռլանդական առևտրատնտեսական կապերի սերտացումը:

Պատրաստ ենք անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` մեր երկրների գործարար շրջանակների համագործակցությունը խրախուսելու ուղղությամբ: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծապես երախտապարտ են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում արցախահայության դեմ իրականացված ապօրինությունների և ռազմական հանցագործությունների բարձրաձայնման և դատապարտման հարցում Նիդեռլանդների վճռական սկզբունքայնության համար:

Դա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և համամարդկային արժեքների առաջմղման հարցում Նիդեռլանդների հանձնառության ակնառու դրսևորում է։ Վստահ եմ, որ բարեկամության և փոխըմբռնման ոգով զարգացող հայ-նիդեռլանդական հարաբերությունները, որոնցում իր արժեքավոր ներդրումն ունի նաև Հայաստանում Նիդեռլանդների դեսպանությունը և անձամբ Դուք, պարոն դեսպան, այսուհետ ևս շարունակելու են նոր հաջողություններ արձանագրել։

Ցանկանում եմ կրկին շնորհավորել բոլորիս Նիդեռլանդների ազգային տոնի կապակցությամբ և մաղթել Արքայական Մեծությանը քաջառողջություն, իսկ Նիդեռլանդների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

--00--ՀԶ