Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ-ում զեկույցը է ներկայացրել 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար» զեկույցի նախագիծը։

Ստորև ներկայացնում ենք նախագիծը և ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին և մի շարք այլ պաշտոնյաների ուղղված ուղեկցող նամակը։

Հեղինակները դիմում են ՀՀ փորձագիտական և մասնագիտական շրջանակներին՝ ներկայացնելու իրենց առաջարկները՝ զեկույցը լրամշակելու և առավել ամբողջական դարձնելու համար։

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին իմ անմիջական մասնակցության դեմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից մոտ ութ ամիս շարունակ կիրառված անօրինական խոչընդոտներից հետո ես վերջապես հնարավորություն եմ ստացել մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թ. գարնանային նստաշրջանի աշխատանքներին` ի մասնավորի իմ երկրին և անդամ պետությունների համայնքին մասնագիտական փորձս ծառայեցնելու հաստատակամությամբ` կիսելով կազմակերպության արժեքներն ու նպատակները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մասնագիտական համայնքի կարողությունների համատեղությամբ հեղինակված այս զեկույցը, որը վերնագրված է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար»։

Սույն զեկույցի նպատակն է Եվրոպայի խորհրդի ուշադրությունը սևեռել երկու անդամ պետությունների` Ադրբեջանի և Թուրքիայի այն քաղաքականության վրա, որը նպատակ է հետապնդում չարաշահելու կրոնական գործոնն ու այն իբրև զենք կիրառելու ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլև՝ այլ եվրոպական երկրների դեմ` փորձելով ստեղծել ազդեցության նոր լծակներ եվրոպական ժողովրդավարությունների նկատմամբ։

Այսպիսի պետական քաղաքականության դրսևորումներ եղել են ոչ միայն Արցախի Հանրապետության հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից աջակցություն ստացած 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանք տարբեր ձևերով իրականացվել են այլ եվրոպական պետությունների նկատմամբ։

Ավելին` պատերազմների և էթնիկ կոնֆլիկտների ընթացքում շատ հաճախ ականատես ենք եղել պատմական ժառանգության հուշարձանների ոչնչացման դեպքերի՝ բնիկ ժողովուրդների մշակույթը, նրանց ինքնությունն ու գոյության հետքն առհասարակ արմատախիլ անելու նպատակով։

Վեհաժողովի ուշադրությունը նախորդ տարիներին հազվադեպ է կենտրոնացվել այն առանձնահատուկ հանգամանքի վրա, որ որոշ անդամ-պետությունների կառավարություններ ոչ միայն փորձեր են կատարում՝ կրոնական երանգ հաղորդելու էթնիկ բնույթի հակամարտություններին, այլ նաև հաճախ օգտագործում են կրոնն իբրև գործիք` Եվրոպայի բազմէթնիկ պետություններում քաղաքական բնույթի միջամտությունների համար։ Վերջինիս նպատակն է մարդկանց տարբեր խմբերին միմյանց դեմ տրամադրելն ու կրոնական գործոնով պայմանավորված բախումներ հրահրելը։ Քրիստոնյա և մահմեդական ինքնությունների նման հակադրությունը, որ փորձում են սադրել որոշ կառավարություններ, նաև՝ կրոնական հողի վրա «ուրիշ» կամ «տարբեր» ինքնություն ունեցող մարդկանց նկատմամբ միասնական գործողություններ քարոզելու ինչ-որ համատեղ ջանքերը կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության և օրենքի գերակայության տեսանկյունից` ստեղծելով նոր բաժանարար գծեր և սասանելով բազմէթնիկ անդամ-պետությունների սոցիալական ու հանրային համերաշխությունը։

Կից ներկայացնելով զեկույցի նախնական տարբերակը` Խորհրդարանական վեհաժողովին ու Եվրոպայի խորհրդին հրավիրում ենք ընդհանուր առմամբ մասնակից լինել այս աշխատանքին և համատեղ լրամշակել սույն ուսումնասիրությունը` հույս ունենալով, որ այն օգտակար կլինի Վեհաժողովի համար` ուրվագծվող խիստ մտահոգիչ միտումների զարգացումը կանխարգելելու նպատակով քաղաքականություն մշակելու տեսանկյունից։

Հարգանքով`

Արմեն Գեւորգյան

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ»։

--00--ԱՀ