ԵԱՏՄ-ում էներգակիրների գները մոտ պետք է լինեն, հակառակ դեպքում կստացվի՝ ԵԱՏՄ չկա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Thumbnail

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ՀՀ վարչապետին խնդրել է անդրադառնալ երկրի էներգետիկ անվտանգության ապահովության հարցին:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանն այսօր բնական գազի ներմուծման որոշակի դիվերսիֆիկացիա ունի։ ՀՀ վարչապետը կարևորում է միջուկային էներգիայի գոյությունը:

«Կարծում եմ՝ ՀՀ-ն պետք է շարունակաբար ջանք գործադրի միջուկային էներգիա ունենալու համար»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ այլընտրանքային և վերականգվող էներգետիկան ևս զարգանում է, և ՀՀ-ն միջազգային չափանիշներով արևային էներգիայի զարգացման մեծ պոտենցիալ ունի, և այդ ուղղությամբ Հայաստանը համագործակցում է միջազգային ընկերությունների հետ, սակայն կարևոր է, որ տնտեսությունը ևս լինի էներգախնայող:

«Էներգետիկ անվտանգության հարցը նաև դիտարկում ենք ԵԱՏՄ մեր անդամակցության համատեքստում, որովհետև կարևոր է արձանագրել, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր տնտեսական տարածք է, և այդտեղ էներգակիրների գներն առնվազն շատ մոտ պետք  է լինեն իրար, հակառակ դեպքում ընդհանուր տնտեսական տարածքի տրամաբանությունը չի աշխատի: Ցանկացած ապրանքի ինքնարժեքի մեջ էներգակիրները կարևոր տեղ են զբաղեցնում, իսկ եթե դիսբալանս լինի, կստացվի որ ԵԱՏՄ գոյություն չունի:

Հույս ունենք, որ այս հարցում կկարողանանք լիարժեք ըմբռնման հասնել: Կան երկրներ, որ էներգակիր են, կան, որ չունեն, և պետք է կարողանանք լուծման հասնել»,-ասել է Փաշինյանը: