Դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովում ցանկանում ենք ընդգրկել նաև ՌԴ-ին և Բրյուսելին․ ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Արմեն Գրիգորյան

Մենք ցանկանում ենք միջազգային հանրությանը, որպես գիտելիք ունեցող և նաև ինստիտուցիոնալ փաստաթղթեր կրող պետություններ, օգնություն ցուցաբերենք, որպեսզի դեմարկացիայի-դելիմիտացիայի գործընթացն անցնենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե միջազգային հանրություն ասելով նկատի ունի միա՞յն Ռուսաստանին, նշել է.

«Ե՛վ Ռուսաստանին, եւ՛ Բրյուսելին, ցանկանում ենք ընդգրկել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովում։ Եվ՛ եթե մենք տեսնենք` հավելյալ անհրաժեշտություններ ունենք, այլ քննարկումներ էլ կունենանք»,-նշել է ԱԽ քարտուղարը։

Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանը պետք է շարունակի մտածել անվտանգության միջավայրի մասին, որովհետև դելիմիտացիայի գործընթացը շատ ծանր է։

«Նույնիսկ այնպիսի երկրների հետ, որոնց հետ ունենք շատ լավ հարաբերություններ, օրինակ` Վրաստանի հետ այս գործընթացը դեռեւս ավարտին չենք հասցրել, որովհետեւ կան մի շարք հարցեր, որոնց ո՛չ մենք ունենք այդ պատասխանը, ո՛չ Վրաստանը, կամ ունենք տարբեր մոտեցումներ: Եվ երկար տարիներ շարունակվում է այս գործընթացը, իսկ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններն ավելի բարդ են, եւ այդ առումով անհրաժեշտ է, որ կարողանանք այնպիսի միջավայր ապահովել, որպեսզի այդ բանակցություններում առաջընթաց չգրանցելը չազդի օրինակ` սահմանային իրավիճակի վրա»,– նշել է Գրիգորյանը։

--00--ԱՀ