Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ կհիմնվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

280092929_5353196551385205_492942426735519442_n.jpg

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ կհիմնվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։

«Այսօր Արցախի գիտակրթական կյանքի աշխուժացման ու որակյալ կրթություն ապահովելու ուղղությամբ կարևոր (նույնիսկ կասեի՝ պատմական) քայլ ենք կատարել Anania Shirakatsy Lyceum/ Անանիա Շիրակացի ճեմարանի հիմնադիր տնօրեն Ashot Alikhanyanի հետ միասին:

Մի քանի ամսվա քննարկումների ու աշխատանքի արդյունքում հպարտությամբ ստորագրել ենք Արցախի Հանրապետության կառավարության և «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի միջև համագործակցության հուշագիր, որի հիման վրա կհիմնադրվի «Արցախի Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրը՝ Երևանում գործող հայտնի համալիրի ողջ կրթական ծրագրով հանդերձ:

Այս նախաձեռնությունը երեխաներին որակյալ կրթություն տալու մեր պարտականությունների ու հավատամքի սահմանումն է, բանաձևն է բոլոր հաջողությունների ու վերելքների: Մայիսյան եռատոնին ընդառաջ այս իրադարձությունն իսկապես խորհրդանշական է, քանի որ միայն գիտելիքով ու հայրենապաշտությամբ ներարկված սերունդն է հաջողելու բարդ ու փորձություններով լի ժամանակներում:

Վստահ եմ, որ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ազգային ու միջազգային նշանակալի փորձի հիման վրա նոր որակի ուսումնական հաստատության ստեղծումը լուրջ հիմք ու խթան է լինելու Արցախի երկարաժամկետ զարգացման համար:

Ովքեր ցանկանում են ավելի մանրամասն իմանալ «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի ու Արցախում բացվող հնարավորությունների մասին, կարող են այցելել նրա կայք»,-գրել է պետնախարարը։

--00--ՀԶ