«Երևա՛ն, ի՛մ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը. ներկա է եղել փոխնախարարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

նկար

Կարևորելով երեխաների պատասխանատվության, ինքնակազմակերպման ու հայրենաճանաչության վաղ կազմակերպումը՝ ԿԳՄՍՆ ԿԶՆԱԿ հիմնադրամը և «Լուսէ վերականգնողական կենտրոնն» իրականացրել են «Իմ կյանքը համայնքում» ուսումնակրթական փոխանակման ծրագիրը:

«Երևան, իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին հյուրընկալվել են մասնակից բոլոր երեխաներն ու ընտանիքները: 

Միջոցառման մասնակիցներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տիրող անմիջական ու ջերմ մթնոլորտը, երեխաների սերտ շփումը և կապերի ամրապնդումը վկայում են ծրագրի հաջողված լինելու մասին: 

«Հայրենասիրությունն առաջին հերթին հայրենաճանաչություն է, երբ գիտենք մեր բնակավայրերը, որոնք մեզ համար լոկ քարտեզի կետեր չեն և ուղղակի բառեր:

Դրանք հարազատ միջավայր են, որտեղ մենք ընկերներ և պատմություն ունենք, որտեղ եղել են մեր կյանքի հիշարժան իրադարձությունները, և այս պարագայում դա իրոք դառնում է այն հայրենիքը, որը մեր սրտում է, և որը սիրելու համար մեզ հատուկ բառեր ու դասեր պետք չեն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սա է եղել ծրագրի հիմնական նպատակը:

Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր աշակերտներին, ծնողներին և դպրոցներին՝ առաջին անգամ անցկացված ծրագրին մասնակցելու համար:

«Դուք դարձել եք առաջամարտիկը և ճանապարհ եք բացելու մյուսների համար. դա դժվար գործընթաց է, սակայն՝ պատվաբեր: Ուրախ եմ, որ ծրագիրը նաև ուսուցողական էր. նախագծային ուսուցումը, համայնքի հարցերին և դրա պատմամշակութային միջավայրին ծանոթությունն է իրական կրթությունը»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ այդ միջավայրը կբացի ճանաչողության նոր հնարավորություններ:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև ծրագրի կազմակերպիչներին և կամավորներին՝ փաստելով, որ նախարարությունը կաջակցի դրա շարունակականության ապահովմանը. 

«Մեր բոլոր երեխաները պետք է հնարավորություն ունենան այցելելու իրենց հայրենիքի տարբեր անկյունները, ծանոթանալու իրենց տարեկիցների և ուսուցիչների հետ: Ինչքան ավելի կրթված և սոցիալականացված քաղաքացիներ ունենանք, այնքան մեր երկրի զարգացման հեռանկարները կընդլայնվեն»:

«Լուսէ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Գոհար Գալստյանը շեշտել է, որ աշակերտների համար Հայաստանը բացահայտելու, համայնքները ճանաչելու, այլ միջավայրում ապրելու, իրենց ինքնուրույն, պատասխանատու և կարևոր զգալու նպատակով է անցկացվել «Իմ կյանքը համայնքում» ծրագիրը, որի հիմքում հայրենաճանաչությունն էր:

Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում բնակվող 50 երեխա ապրիլի 24-ից մայիսի 1-ն այցելել են այլ մարզի քաղաք կամ գյուղ, մեկ շաբաթ ապրել տվյալ համայնքի հյուրընկալ ընտանիքում, սովորել տեղի դպրոցում, հաղորդակցվել մշակույթին և ընտանեկան սովորույթներին։

Իրենց բացահայտումների, ձեռքբերումների և զգացողությունների վերաբերյալ երեխաները վարել են բլոգներ, իսկ նախագծային ուսուցման ընթացքում նաև սովորել են գտնել համայնքում առկա որևէ խնդիր՝ առաջարկելով լուծումներ:

Ծրագրի մասնակից բոլոր աշակերտները նշել են, որ դրա արդյունքում ճանաչել են իրենց հայրենիքի ամեն անկյունը և առավել կապվել մայր հողին, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ: Նրանք շեշտել են, որ դպրոցների միջև նոր կապեր են հաստատվել` կարևորելով ծրագրի կրթական բաղադրիչը։ Ծնողները ևս փաստել են, որ մշտապես կապի մեջ են իրենց ընտանիքներում հյուրընկալված սովորողների հետ, որոնք դարձել են իրենց հարազատները։

--00—ԼՄ