ՀՀ նախագահի այցերի ակտիվությունը կասկածելի է. նա մտնում է «վարչապետի դաշտ». «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջերս ցուցաբերած ակտիվությունը հատկապես միջազգային ասպարեզում մի տեսակ կասկածելի է: Նա հունվարին աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրությունում էր, հետո՝ Ֆրանսիայում, հիմա էլ պատրաստվում է մեկել Գերմանիա, որտեղ մասնակցելու է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նախագահականի հաղորդագրության համաձայն` «Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները»:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին ևս Մյունխենի անվտանգության համաժողովին Հայաստանը մասնակցել է նախագահի մակարդակով. Սերժ Սարգսյանը պարտաճանաչ մեկնում էր այդ միջոցառմանը: Սակայն այն ժամանակ Ս. Սարգսյանի ներկայությունը միանգամայն հասկանալի էր. սահմանադրությամբ նա ԶՈՒ գլխավոր գերագույն հրամանատարն էր, երկրի անվտանգության երաշխավորը: Սակայն նոր սահմանադրության համաձայն` նախագահը պաշտպանության ու անվտանգության բնագավառում լիազորություններ չունի, նրա պաշտոնը խորհրդանշական է, իսկ համապատասխան ոլորտներում լիազորությունները վերապահված են վարչապետին:

Այսպիսով, Արմեն Սարգսյանի արտերկրյա այցերի ակտիվությունը միանգամայն հեռուն գնացող եզրակացությունների տեղիք է տալիս, ու տպավորություն է, թե նա ամեն առիթ օգտագործում է` մտնելու վարչապետի լիազորությունների դաշտ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: