ՀՔԾ-ն դարձել է «В гостях у сказки» կազմակերպություն․ Մանվել Գրիգորյանի փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Եթե ՀՔԾ- ին ժողովուրդն սկսի անվանել «В гостях у сказки» կազմակերպություն, չի  սխալվի։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով ՀՔԾ տարածած հաղորդագրությանը, համաձայն որի Մանվել Գրիգորյանը խուսափել է մոտ 1մլրդ 229 մլն դրամի հարկ վճարելուց. նրա մեղադրանքը լրացվել է, որդու նկատմամաբ հայտարարվել է հետախուզում։

«ՀՔԾ-ն ուզում է սարսափ-հեքիաթներ հրամցնել ժողովրդին»,- նշեց Մանվել Գրիգորյանի փաստաբանը։ 

Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։

ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ նշված է.

«Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի, հայտնաբերվել են նաև Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ»։

Մանվել Գրիգորյանի ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մեկնարկել է 8 ամիս առաջ։

ԱԺ նախկին պատգամավորը կալանավորվել է 2018թ. հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

2018թ. դեկտեմբերի 21-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, իսկ 2019թ. հունվարի 22–ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը, միևնույն ժամանակ, մերժել էր պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։