Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնյաների կոռուպցիոն հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

l_0x0wh_786x458z_1_1.jpeg

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է՝ կապված կոռուպցիոն գործերի թվի հետ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

«2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ»,- ասաց Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին թողնել միայն այն գործերը, որոնք կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 3-րդ և 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից:

«Խոսքը բոլոր այն կոռուպցիոն գործերի մասին է, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար և մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմից»,-նշեց փոխնախարարը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  

--00--ՀԶ