Հանրային ու քաղաքական շարժումների կանոններ ապագայի համար․ Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է․

«Հանրային ու քաղաքական շարժումների կանոններ ապագայի համար

1. Հանրահավաքները մի սկսեք հացադուլներից: Եթե որևէ մեկը հացադուլի է նստում, պետք է վստահ լինի, որ հացադուլը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև իր պահանջը կատարվի, հակառակ դեպքում պետք է պատրաստ լինել հացադուլը ցմահ շարունակել:

2. Ցանկացած շարժման կազմակերպիչների ու որոշում կայացնողների անունները պետք է նշվի գործընթացի հենց սկզբից: Ամեն մի նախաձեռնություն պետք է ունենա կոնկրետ պատասխանատուներ:

3. Ցանկացած շարժում պետք է շատ հստակ նշի իր պահանջը, որը պետք է լինի չափելի:

4. Եթե պահանջը քաղաքական է, պետք է քաղաքական տեքստեր հրապարակվեն, այսինքն՝ երգարվեստի ու հուզիչ տեքստերից բացի, որոնք մարդկանց բնազդների վրա պետք է ազդեն, պետք է լինեն նաև սթափ, տրամաբանված մտքերի փոխկապակցված շարքեր:

P.S.

N1. Որևէ գործընթաց սկսելուց առաջ նախօրոք պետք է մտածված լինեն այդ գործընթացից դուրս գալու հնարավոր ելքերն ու հնարավոր վերջնարդյունքները:

N2. Եթե գործընթացը քաղաքական է ու մասնակիցներն ակնկալում են ապագայում կառավարություն ձևավորել, պետք է հասկանան, որ իրենց հետևում են արտաքին պարտնյորներն ու ամեն մի խոսք ազդելու է իրենց հանդեպ ունեցած վերաբերմունքի վրա, այսինքն, արդյոք որպես քաղաքական պարտնյոր դրսի խաղացողների կողմից կընդունվեն, թե կհամարվեն անլուրջ քաղաքական ուժ: Սա հատկապես կարևոր է մեր շուրջ ստեղծված ներկայիս պայթյունավտանգ իրավիճակում, երբ ամեն մի կայծ կարող է մեծ ռեգիոնալ պատերազմի հանգեցնել»:

--00--ԱՀ