Առողջապահության նախարարն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հերոսների վերականգնողական քաղաք, որը կառուցվում է ռազմական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար:

Հոգեկան առողջության կենտրոնն ապահովում է զինվորների և նրանց ընտանիքների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը: Կենտրոնում բացվել է թվայնացված հոգեբանության բուժման սենյակ, որտեղ զինվորները սթրեսային վիճակից կկարողանան դուրս գալ` կենտրոնի հոգեբանական օժանդակությամբ` վախերի կառավարման ու հաղթահարման ծրագրով:

«Ուրախ եմ, որ նման բարձր չափանիշներին համապատասխանող կենտրոն է ձևավորվում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանում գործող բոլոր հոգեբանական և հոգեբուժական ասոցիացիաների, կառույցների, մասնագիտական կենտրոնների ներգրավմամբ կոալիցիա է ստեղծվել և այս համագործակցության շնորհիվ` ավելի կարգավորված, ավելի որակյալ ծառայություններ կմատուցվեն մեր հանրությանը: Հուսով եմ` կենտրոնը կզարգանա և հավելյալ ծառայություններ կներգրավվի, իսկ տեխնոլոգիները կօգնեն առողջությունը վերականգնելու, պահպանելու, վախերը, հոգեբանական որոշակի իրավիճակները հաղթահարելու գործում»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս առողջապահության նախարարությունը պետական աջակցությամբ 40-ից ավելի կազմակերպությունների հետ կնքել է հուշագիր` «Հոգեկան առողջություն» կոալիցիա, որը թույլ կտա դիմակայել հոգեկան առողջության մարտահրավերներին և կհանդիսանա ոլորտի խնդիրների լուծման կարևորագույն քայլերից մեկը:

--00--ԱՀ