ԲՀԿ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործն ուղարկել է դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Հատուկ քննչական ծառայությունում Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ տրմադրվել է դատախազությանը՝ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին, ծեծելու համար։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» բուժկենտրոն էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների և  օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջև։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն էր առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջև։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի հետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ըստ ՀՔԾ-ի, Վյաչեսլավ Հարությունովի որդին, 2012 թվականին տեղի ունեցած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում ներկայացնելով Հայաստանը, դարձել է աշխարհի չեմպիոն, որով պայմանավորված` Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Վյաչեսլավ Հարությունովին խոստացել է օժանդակել նրա որդուն ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում:

«Հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո` ժամը 18:30-ի սահմաններում, Վ. Հարությունովը մոտեցել է Գագիկ Ծառուկյանին` կրկին հիշեցնելով որդու հարցը կարգավորելու վերաբերյալ նախկինում նրա տված խոստումը: Խոսակցությունը շարունակվել է մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, որտեղ, Էդուարդ Բաբայանը` խմբով, Վ. Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։