Եվ կրկին Օրբելյանի ու Օպերայի մասին

Thumbnail

Զարմանալի ժողովուրդ ենք։  Միշտ հրապուրվում ենք երևույթի արտաքին տեսքով` չմտածելով, թե դրա տակ ինչ կա։ Մենք միշտ հիանում ենք մեծ գումարներ բերող մեր հայրենակիցներով՝ ով ուզում է լինի, միայն թե գումարներ ունենա, լուծելով   «հացիվ»-ի խնդիրը։  Մենք այսօր այն վիճակում ենք, որ յուրաքանչյուր ֆինանսական ներդրում կատարող դառնում է մեր հիացմունքի և  շնորհակալության առանցքը։   Եվ այն շատ արդար է ու մարդկային։ Բայց դա չպետք է կուրացնի մեր հոգևոր աչքը, և օգտակար եղող անձին գնահատողները պետք է լինեն արդարամիտ՝ երբ այդ անձը, այս դեպքում Օրբելյանը, ավերում է իրեն հանձնված գեղարվեստական դաշտն ու ղեկավարում է ինչպես լճափի եղեգը, նայած զեփյուռը որ կողմից է ասել․ քո գործունեության  ասպարեզը գեղարվեստականը չէؘ, ղեկավարականը չէ, պրոդյուսերակա′նն է։ Գործունեության ասպարեզի սխալ ընտրությունից է, որ առաջանում են կոնֆլիկտներ, խոչընդոտները մնում  չհաղթահարված, խնդիրները՝ չլուծված։  Օրբելյանը, ով պետք է զբաղվի միայն  պրոդյուսերական գործունեությամբ, զբաղվում է իր ուժերից վեր գեղարվեստական խնդիրներով, և կողմնորոշվում առանց գեղարվեստական կողմնացույցի կամ կողմնորոշվում է մի քանի շողոքորթների փսփսոցով, որով շեղում են նրան ճիշտ, արդար քայլերից, ինչպես կողմնացույցին մոտիկ դրված ժանգոտ երկաթե կտորը, որը շեղում է նրա սլաքի ճշգրիտ ուղղությունը․․․

Ես, առայժմ, թույլ չեմ տալիս ինձ մանրամասն վերլուծել Օրբելյանի երաժշտագիտական պատրաստվածության չափը, դիրիժորական կարողությունների սահմանը, ընդհանրապես, նրա բազմակողմանի զարգացածություն ունենալու-չունենալու հարցը։ Այսօր դա չէ իմ նպատակը։ Բայց ուզում եմ բոլորին հորդորել` առաջնորդվե՛լ ըստ էության և բովանդակության սկզբունքով։

Օրբելյանն ամենահամեստ ընդունակության տեր անձնավորություն է։ Հետևեք նրա հարցազրույցներին։ Արվեստի բարձր խնդիրների վերլուծություն, հետաքրքիր մտքեր, քննարկումներ չեք լսի։ Նրա «հմայքը»` ինչպես անվերջանալի Կանոն կամ Ռոնդոյի ռեֆրեն, միայն այս եմ արել, այն եմ արել-ի թվարկումներ են։ Նա քանակականի մարդ է և ոչ որակականի։ Բայց ինչպիսի տնտեսական վիճակում էլ լինենք, չպետք է թույլ տանք, որ մեր երաժշտական մշակույթի խոշորագույն, հանրապետության գլխավոր օջախը ղեկավարի մարդ, որը միայն ծախսարար  է։

Մեզանում, երաժշտության ասպարեզում անվանի համարվող շատ երաժիշտներ բոլորովին այն չեն, ինչ նրանց մասին մտածում և արտահայտվում են լրագրողների, քաղաքական գործիչների, պաշտոնյաների, մտավորականության մի որոշ հատված: Երաժշտության՝ արվեստներից ամենասուբյեկտիվի (Հեգել), էությունը հասկանալու նրանց սահմանափակության վրա է հիմնված այդ երաժիշտների՝ «հանճարների», «լեգենդների», «սրբերի», «համահայկականների», «Գրեմմի» մրցանակի ներկայացված Օրբելյանի ողջ էությունը: Օրբելյանը, հասարակության աչքից աննկատ, ինքն է ուղղություն տալիս իր մասին այդպիսի կարծիք ձևավորելուն:

Օրբելյա՜ն, «Գրե՜մմի»- «մեր պատիվն է», «մեր ժողովրդին է ներկայացնում, «մեզ համար հպարտություն է» և այլն արտահայտություններ սին և վտանգավոր մտածելակերպ է, որոշակի կոմպլեքսավորվածություն, որը գալիս է, ինչպես մի անգամ Երևանում եղած ժամանակ հումորով ասաց Վիլյամ Սարոյանը, «պզտիկ ժողովուրդ ըլլալու» (նկատի ուներ փոքրաքանակ)  հոգեբանությունից: Օրբելյանի բերած գեղարվեստական ավերածություններն ավելի են քան օգուտները:

 Վերջերս, մեկը գրել էր Օրբելյանի մասին․ «Համաշխարհային դաշնակահար-վիրտուոզ, անսովոր կենսագրություն, փայլուն նվագակցող, Ջուլյարդի դպրոց, ֆլեմինգ, վունդերկինդ»... խոսքեր, խոսքեր, խոսքեր: Ո՞վ է լսել Օրբելյանին, որ հաստատի`փայլուն դաշնակահար նվագակցող է։Վիրտուոզ դաշնակահար Օրբելյանին ո՞ վ է լսել 30-40-50 տարեկանում: Ոչ ոք: Ինչու՞ չի եկել համերգներով Երևան klavierabend-ով կամ սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու, ինչպես մեր անվանի շատ հայրենակիցներ: Կարծեմ մեկ տարի էլ սովորել է Երևանում, Յուրի Հայրապետյանի դասարանում: Ո՞վ է զրուցել նրա հետ, որ հաստատի` փայլուն զարգացածության, խորը գիտելիքների տեր է: Ոչ ոք: Այն, ինչ այս տարիներին տեսել, լսել ու վկա ենք եղել, խոսում է հակառակի մասին: Պետք է քաջություն ունենալ օգտվել սեփական խելքից և հետևություն անել սեփական աչքերով տեսածից և սեփական ականջներով լսածից:  Ի՞նչ փաստաթղթերի հիման վրա են նրան նշանակել մեր օպերային թատրոնում տնօրեն, նաև գեղարվեստական ղեկավար՝համալսարանական դիպլոմի՞, միջազգային մրցույթների հաղթողի՞... Ինչ վերաբերում է նրան, թե սովորել է Ջուլյարդի դպրոցում, ոչինչ չի նշանակում: Այդ դպրոցում սովորողների մեծ մասը հետագայում եղել են սովորական մասնագետներ: Աուերի դասարանում բոլոր սովորողները չեն դարձել Հայֆեց, Պոլյակին, Էլման։  Մեր հայրենակից, նշանավոր մանկավարժ Հովհաննես Գալամյանի՝ ով դասավանդում էր Ջուլիարդում և նշանավոր Կյորտիսում, դասարանն ավարտած հարյուրավոր ջութակահարներից համաշխարհային մեծության են հասել Պերելմանը, Ցուկերմանը, Մայքլ Ռաբինը, Սենովսկին, Դ․Սիտկովեցկին, Նադյեն և էլի մի քանի հոգի: Նոյ- հաուզի հարյուրավոր աշակերտներից համաշխարհային փառքի հասան  Ռիխտերն ու Գիլելսը․․․

 Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր խնդիրներ կամ դժգոհություններ ունեն  Մշակույթի նախարարի պաշտոնակատար տիկին Նազենի Ղարիբյանի հետ, չօգտագործեն Օրբելյանի և նախարարության միջև առկա խնդիրներն իրենց խնդիրները լուծելու, դժգոհությունները արտահայտելու համար: Տիկին Նազենիին հակադրվելու  համար պետք չէ պաշտպանել Օրբելյանին: Օրբելյանը առանցքային ֆիգուր չէ: Չարժե: Պետք է բարձր գնահատել տիկին Ղարիբյանի  սկզբունքայնությունը Օրբելյանին՝ օպերային թատրոնի ղեկավարությունը ուզուրպացրած անձին, ազատելու ապօրինի նշանակված տնօրենի պաշտոնից: Պետք է առ ոչինչ համարել օպերային թատրոնի ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որը նախորդ իշխանությունների ցանկությամբ և թելադրանքով, խախտելով մի շարք օրենքներ, հատուկ գրվել է Օրբելյանի համար, դարձնելով նրան օպերային թատրոնի միահեծան ֆեոդալ: Չկարողանալով անձամբ լուծել հարցերը, նեղն ընկնելով, միշտ էլ զանգել է նախկին իշխանության վերևին: Հիմա էլ զանգահարում է փոխվարչապետին: Նույն ձեռագիրն է: Ժամանակները փոխվել են, ինքը մնացել նույնը: Որևէ մեկը, ինչպես միշտ հնչեցնում է Վարչապետ Պարոն Փաշինյանը, չի կարող Օրենքից բարձր լինել: Բացառություններ չեն կարող լինել, առավել ևս Օրբելյանի դեպքում: Համերգային շրջագայություններ, պրեմիերաներ՝ շատ լավ է: Բայց դա գործունեության այլ ասպարեզ է և թատրոնի գեղարվեստական, վարչական  ղեկավարման հետ ուղղակիորեն կապ չունի:

 Չկա Խվորոստովսկին, չստացվեց «Գրեմմի»-ին: Հնարավորություն չկա արտասահմանում կայուն աշխատանք ունենալ իբրև օպերային թատրոնի տնօրեն կամ գեղարվեստական ղեկավար: Համարյա հնարավորություն չկա ելույթներ ունենալ արտասահմանցի  երիտասարդ հռչակավոր երգիչ-երգչուհիների հետ...

Հասկանալի է, որ Օրբելյանի «գեղարվեստական» կյանքը ավարտվել է կամ ավարտին մոտ է: Երկու անգամ փորձեց ստանալ «Գրեմմի» մրցանակը, համոզված լինելով, որ դա հնարավորություն կտա՝ օգտվելով մեր հասարակության միամտությունից և անմիջականությունից, ամրացնել իր դիրքերը և հիմնավորվել մեր օպերային թատրոնում: 

Օրբելյանը գործական մարդ է։ Թող աշխատի իբրև պրոդյուսեր: Պատվավոր և օգտակար աշխատանք է:

Թատրոնի տնօրեն և «գեղարվեստական» ղեկավար լինել Օրբելյանին թույլ չի տալիս անհատականության պակասը։ Թատրոնի մասին Օրբելյանի ունեցած տեսլականը պատրանքներ են, ոչ թե կոնկրետ պատկերացումներ։ Նա չկարողացավ ստեղծել գեղարվեստը խթանող միջավայր։ Օրբելյանի գեղարվեստական գործունեությունը, ընդհանրապես գեղարվեստական ներկայությունը միֆ է։ Ղեկավարը ինչքան կարճատես պիտի լինի, որ չնկատի այն դատարկությունը, որում հայտնվել են հիսունվեց վոկալիստներ։ Շաբաթներով , ամիսներով չերգելով, չունենալով անհաժեշտ , բավարար ծանրաբեռնվածություն, ձայնալարերը թուլանում են , թոշնում, ձայնը կորցնում է թարմությունն ու ճկունությունը։, արտիստը կորցնում է բեմական քայլքի թեթևությունը, բեմական անմիջականության զգացողությունը, դերի ընկալման սրությունը

Ոչ մի շրջագայություն , ոչ մի պրեմիերա չի փրկի դուրս գալ այս անառողջ վիճակից։ Բարձրաթռիչք գեղարվեստական մտածողության, օրիգինալ մտածողության, ստեղծագործական վառ երևակայության բացակայության պատճառով, Օրբելյանը չի կարող արմատապես վերափոխել, վերստեղծել թատրոնի ներքին գեղարվեստական կյանքը, հաղորդել կառուցողական էներգիա, առանց որի չի կարող շնչել և ապրել թատրոնը։ Օրբելյանը չունի գեղարվեստական հոտառություն, նրբազգացություն, հասկանալու համար օպերային  թատրոնի սքանչելի, հեքիաթային աշխարհը։

Իր սեփական ներաշխարհում պետք է փնտրել արվեստագետին, այլ ոչ արտաքին հանգամանքների բերումով արվեստագետ դարձած անձի մեջ, ինչը բոլորովին աղերս չունի այն ներքին բովանդակության հետ, որը կրում է Արվեստագետ-Արտիստը։

 Զավեն Վարդանյան 

Օպերային թատրոնի դիրիժոր

ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ

 

Հ․Գ․ Պարզապես անհասկանալի է, թե ինչու Մշակույթի նախարարությունը օր առաջ չի ազատում Օրբելյանին, առնվազն, տնօրենի պաշտոնից։ Ի՞նչն է խանգարում։ Ինչու՞ է ձգձգվում։