Գևորգյանը ԵԽԽՎ-ի նիստում անդրադարձել է Արցախի երեխաների իրավունքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Արմեն Գևորգյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի երեխաների հարցերի ենթահանձնաժողովի նիստում, որտեղ նշել է հետևյալը․
«Հարգելի' գործընկերներ, 
 Կցանկանայի խոսել այն փաստի մասին, որ Եվրոպայի խորհրդի տարածքում կան տեղեր, որտեղ երեխաների իրավունքները, նրանց խնդիրներն ու դժվարությունները դուրս են մեր ուշադրությունից։ Դրանք չկարգավորված հակամարտություններն են: 
 
Այս առումով մենք պետք է խոսենք ոչ այնքան այն մասին, թե ինչպես աշխատել և ճիշտ շփվել երեխաների հետ, այլ՝ թե ինչպես գտնել ուղիներ և մեխանիզմներ, որպեսզի հակամարտության գոտիներում գտնվող երեխաները հասանելի լինեն միջազգային կազմակերպությունների համար: 
 
Վեհաժողովի վերջին նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների հանձնակատարը հայտարարեց, որ չի կարողանում այցելել Լեռնային Ղարաբաղ և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Ադրբեջանի իշխանությունները դեմ են նման այցին։ Ինչո՞ւ։ Որովհետև նա կարող է տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի իշխանությունները վախի և ապագայի անորոշության մթնոլորտ ստեղծում, հատկապես՝ երիտասարդ սերնդի համար։  
 
Գտնվելով Լեռնային Ղարաբաղում՝ մեր կազմակերպության ներկայացուցիչները կարող են հարցնել այդ հանրապետության երիտասարդներին՝ պատկերացնու՞մ են այն որպես Ադրբեջանի մաս, որը փորձում է ոչնչացնել իրենց հայրենիքը։ Նրանք կստանան այն հարցի պատասխանը, թե հնարավո՞ր է արդյոք ապրել մի պետության կազմում, որը վերջերս Լեռնային Ղարաբաղը զրկեց գազամատակարարումից և բնակչությանը կանգնեցրեց ծայրահեղ հումանիտար աղետի առաջ։ 
 
Ավելի քան երեսուն տարի սովորական եվրոպացի երեխաներ են ապրում անկախ Լեռնային Ղարաբաղում։ Միայն մեկ տարբերությամբ՝ նրանց մեջ հայրենասիրության  և արդարության զգացումն ավելի սուր է։ Ի տարբերություն Եվրոպայի իրենց հասակակիցներից շատերի, նրանք գիտեն, թե ինչ են պատերազմն ու խաղաղությունը, գլոբալացման դարաշրջանում նրանք հստակ հասկանում և գիտակցում են, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվում և պահպանվում։ Նրանք հազվադեպ երևույթ են ժամանակակից Եվրոպայի համար. նրանք անկախության սերունդն են։  
 
Ուստի խաղաղության հայեցակարգը, որն այլընտրանք չունի ողջ տարածաշրջանի համար, պետք է Ղարաբաղի երեխաներին ընձեռի սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու և ապագայի հանդեպ վստահ լինելու հնարավորություն։ Ցանկացած այլ լուծում իրական խաղաղություն և կայունություն չի բերի ողջ Հարավային Կովկասում։ 
 
Առաջարկում եմ մտածել, թե ինչպես կարող է ղարաբաղցի տղաների և աղջիկների ձայնը լսելի դառնալ մեզ համար և թե ինչպես կարող են նրանք ներգրավվել համաեվրոպական երկխոսության գործընթացներում՝ պաշտպանելու համար իրենց իրավունքներն ու  ազատությունները։ 

Շնորհակալություն»,- ասել է Արմեն Գևորգյանը։

--00--ԱԱ