Սյունիքի մարզպետը միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին է ներկայացրել առաջնային խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

Սյունիքի մարզպետարանից տեղեկացնում են՝ մայիսի 17-ին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիին, Եվրոպական ներդրումային բանկի Հայաստանի պետական հատվածի վարկավորման գործառնությունների պատասխանատու Ստեֆանի Գիար-Բրանին, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամների ու վերոնշյալ կառույցների այլ ներկայացուցիչների։

Միջազգային կազմակերպությունների պաշտոնյաները նշել են Սյունիքի հանդեպ աճող հետաքրքրության ու իրենց առաջիկա ծրագրերում մարզը որպես գերակայություն սահմանելու մասին: Ըստ այդմ՝ հանդիպման նպատակն էր տեղում փաստերի ու տեղեկատվության հավաքումը՝ ԵՆԲ շրջանակային վարկի նախապատրաստման համար՝ ի նպաստ Սյունիքի դիմակայության, Սյունիքի մարզպետարանի հետ հետագա համագործակցության առաջնահերթությունները քննարկելը:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատասխանատուները ներկայացրել են կազմակերպության կողմից Սյունիքում վերջերս իրականացված ծրագրերը՝ որոնք ակտիվ են եղել հատկապես սահմանամերձ որոշ գյուղերում։ Իսկ Եվրոպական ներդրումային բանկը նոր է նախատեսում ծրագրերի մեկնարկը մարզում։ Քանի որ այժմ Սյունիքին վերաբերող տարբեր ծրագրային փաթեթներ են կազմում թե՛ այս 2 կառույցները, թե՛ ԵՄ-ն, որոնք քննարկվում են նաև ՀՀ կառավարության հետ, հյուրերը նաև մարզային իշխանությունից էին ցանկանում լսել, թե որոնք են այստեղ առկա խնդիրների առաջնահերթությունները, և տեղում ծրագրային առաջարկներ ստանալ։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել ու կարևորել է պաշտոնյաների այցը Սյունիք և շնորհակալություն հայտնել կատարված ու նախատեսվող աշխատանքների համար, նաև համագործակցելու ու համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնել։

Մարզպետը ներկայացրել է այն առաջնային խնդիրները, որոնց լուծումը Սյունիքի բնակիչների համար հրատապ են, բայց նաև նշել, որ մարզը զարգացման մեծ ներուժ ունի։

Ռ․Ղուկասյանը կարևորել է նաև ծրագրեր մշակելիս մարզի համայնքներին ու բնակավայրերին ըստ առանձնահատկությունների տարբերակված մոտեցումը:

«Միջազգային կառույցների ու այլ գործընկերների ակտիվությունն ու ներդրումների առակայությունը Սյունիքում լավ ցուցանիշ է մարզում՝ բնակիչների մեջ լավատեսություն ու վաղվա օրվա, այստեղ մնալու համար վստահություն ներշնչելու համար»,- ասել է մարզի ղեկավարը։

Կազմակերպություններն առաջիկայում Սյունիքում մի շարք ծրագրեր են նախատեսում՝ ուղղված կրթական, սոցիալական, առողջապահական, գյուղեր տանող ճանապարհների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, ոչ ֆորմալ կրթության, համայնքների կարողությունների հզորացման, էներգախնայող համակարգերի ներդրման ու այլ ոլորտներին։

Նաև արդեն մեկնարկած ու սպասվող ծրագրեր կան՝ ուղղված այստեղ բնակվող՝ Արցախից տեղահանված անձանց կարիքներին ու ինտեգրմանը։

--00—ԼՄ