10 պատգամավոր հատել է հարգելի բացակայությունների շեմը․ ովքե՞ր են նրանք և կզրկվե՞ն մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար
 

Ազգային ժողովի 10 պատգամավոր արդեն իսկ հատել է հարգելի բացակայությունների թույլատրված շեմը: Այս մասին hetq.am-ը տեղեկանում է խորհրդարանին ուղարկված գրավոր հարցման պատասխանից:

Ըստ աղբյուրի՝ մայիսի 16-ի դրությամբ 193 քվեարկություն և գրանցում է եղել, սա նշանակում է, որ 97 անհարգելի բացակայությունները գերազանցողները նստաշրջանի ավարտին կարող են հայտնվել մանդատից զրկվելու վտանգի առջև: ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս նստաշրջանի ավարտին հարցն ԱԺ խորհրդում քննարկելուց հետո այդ պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Աղբյուրը ներկայացնում է նաև պատգամավորների ցանկը, որոնք ութերորդ գումարման խորհրդարանի երրորդ նստաշրջանի ամենաշատ անհարգելի բացակայածներն են՝

Իշխան Սաղաթելյան՝ 100 բացակայություն, Վահե Հակոբյան՝ 97,  Լիլիթ Գալստյան՝ 98, Արմեն Ռուստամյան՝ 101, Արթուր Ղազինյան՝ 98, Գեղամ Մանուկյան՝ 128, Անդրանիկ Թևանյան՝ 104, Արմեն Չարչյան՝ 119, Ասպրամ Կրպեյան՝ 102, Արթուր Վանեցյան՝ 115:

Աղբյուրը գրավոր հարցմամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է, թե արդյոք նստաշրջանի ավարտին պատրաստվո՞ւմ է բացակայած պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ դիմել և չի՞ կաշկանդվի արդյոք, եթե շատ բացակայածների թվում նաև իր թիմակիցները լինեն: ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի ստորագրությամբ ուղարկված հարցման պատասխանում հիշատակվում է միայն այն մասին, որ պատգամավորի բացակայության հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ԱԺ կանոնակարգ օրենքով և ԱԺ աշխատակարգով: Նշենք, որ Factor.am-ի հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ խիստ է տրամադրված պատգամավորների անհարգելի բացակայությունների հարցում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ