ՄԻԵԴ-ը 6 վճիռ է կայացրել, մեկը՝ Թեղուտի մասով․ Հայաստանը պարտավորվել է մոտ €70000 վճարել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռներ է կայացրել Հայաստանի Հանրապետության, մասնավորապես՝ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության դեմ ներկայացված վեց հայցի առնչությամբ: 

Դրանցից առաջինը վերաբերում է «Ռամազյանն ընդդեմ Հայաստանի»դատական գործին: Հայցը ներկայացվել էր 2010 թ.՝ հայր և որդի Ժորա, Արկադի Ռամազյանների կողմից:

Հայտնի է, որ 1970-ական թվականներին ՀՀ Թեղուտ և Շնող գյուղերից մոտ 4 և, համապատասխանաբար, 6 կմ հեռավորության վրա պղնձամոլիբդենի պաշարներ են հայտնաբերվել: 2001 թ. «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն 25 տարով տվյալ հանքի շահագործման արտոնագիր է ստացել:

2007 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ Լոռու մարզի Շնող և Թեղուտ գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքները կարելի է նշել որպես սեփականազրկված գոտիներ (հողերի նշանակության կատեգորիան փոխվում է), որոնք պետք է օգտագործվեն պետության կարիքների համար: Որոշման համաձայն՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ն կամ «Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է գնեին բռնակցման ենթակա ցանկում ներառված հողատարածքները:

Ըստ այդմ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնող գյուղում բնակվող Ռամազյաններին առաջարկել է 870 550 դրամով գնել նրանց պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը: Սակայն հայր ու որդի հրաժարվել են առաջարկից՝ նշելով, որ առաջարկվող գումարի չափը քիչ է: 2008թ. ընկերությունն ընտանիքի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով դատարանին ստիպել ընտանիքին ստորագրել հողի վաճառքի համաձայնագիրը:

Ռամազյանները պատասխան հայցում վիճարկել են, որ ազնիվ դատավարություն չի անցկացվել: Նրանք վիճարկել են, որ դատարանները համապատասխան գորոծողություններ չեն իրականացրել, որոնց միջոցով կորոշվեր իրենց հողակտորի իրական շուկայական արժեքը:

Հայցվորներն ընկերությունից 106 182 եվրո նյութական վնասի փոխհատուցում են պահանջել, ինչպես նաև՝ 10 000 եվրո բարոյական փոխհատուցում: Բացի այդ, նրանք հավելյալ 5400 եվրո փոխհատուցում են պահանջել դատական ծախսերի համար: Սակայն ՀՀ կառավարությունը պնդել է, որ պահանջված գումարը չափազանցված է:

Այնուհանդերձ, ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ռամազյանները կրել են և՛ նյութական, և՛ բարոյական վնաս: Արդյունքում դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 10 400 եվրո փոխհատուցում վճարել:

Հաջորդ վճիռը վերաբերում է «Լևոն Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» դատական գործին, որի համար հիմք ծառայած հայցը ներկայացվել է 2009թ.: Շնող գյուղի բնակիչը հայցը ներկայացրել է «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Ընկերությունը գյուղացի Ալիխանյանին առաջարկել է 3 439 650 դրամով գնել նրան պատկանող հողակտորները: Սակայն Ալիխանյանը, գումարը քիչ համարելով, մերժել է առաջարկը՝ փորձելով հողի իրական արժեքի գնահատման համար այլ մասնագետների դիմել: Սակայն, տղամարդու պնդմամբ, նման ծառայությունների տրամադրմամբ զբաղվող կազմակերպությունները մերժել են իր առաջարկը: 2008թ. ընկերությունն Ալիխանյանի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով դատարանին ստիպել գյուղացուն ստորագրել հողի վաճառքի համաձայնագիրը:

Սակայն Ալիխանյանը պատասխան հայցում վիճարկել է, որ ազնիվ դատավարություն չի անցկացվել: Տղամարդու պնդմամբ՝ դատարանները համապատասխան գորոծողություններ չեն իրականացրել, որոնց միջոցով կորոշվեր իր հողակտորի իրական շուկայական արժեքը:

Հայցվորը 371 954 եվրո նյութական վնասի փոխհատուցում է պահանջել, սակայն ՀՀ կառավարության համոզմամբ՝ գումարը չափազանցված է: Բացի այդ, Ալիխանյանը 9800 եվրո է պահանջել դատական ծախսերի համար: Այնուհանդերձ՝ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 17 200 եվրո փոխհատուցում վճարել հայցվորին:

Երրորդ վճիռը կայացվել է «Փարսադանյանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով: Հայցը ներկայացվել է ՀՀ երեք քաղաքացու՝ Վոլոդյա, Սեդա, Լուսինե Փարսադանյանների կողմից՝ 2010թ.: Թեղուտ գյուղում բնակվող ու հողագործությամբ զբաղվող ընտանիքի հայցը ներկայացվել է «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Ինչպես և նախորդ դեպքերում, ընկերությունը Փարսադանյանների ընտանիքին առաջարկել է 265 650 դրամով գնել նրանց պատկանող հողակտորը: Ընտանիքը գումարի սակավության պատճառով մերժել է առաջարկը: 2008թ. ընկերությունը Փարսադանյանների դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով դատարանին ստիպել գյուղացիներին ստորագրել հողի վաճառքի համաձայնագիրը:

Հայցվորները ՀՀ կառավարություներից 26 635 եվրո նյութական վնասի, ինչպես նաև 7000 եվրո դատական ծախսերի փոխհատուցում են պահանջել: Արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է, որ Փարսադանյանները կրել են և՛ նյութական, և՛ բարոյական վնաս, ինչը փոխհատուցելու համար ՀՀ կառավարությունը պետք է երեք ամսվա ընթացքում 8 600 եվրո վճարի ընտանիքին:

Չորրորդ վճիռը կայացվել է «Վարդանյանն ու Հախվերդյանն ընդդեմ Հայաստանի» դատական գործի շրջանակում: Հայցը ներկայացվել է 2009թ.՝ ՀՀ քաղաքացիներ Վարդան, Վահե, Արմինե, Անի Վարդանյանների և Մարինե Հախվերդյանի կողմից՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Ընկերությունը Շնող գյուղում բնակվող ու գյուղատնտեսությամբ զբաղվող բազմանդամ ընտանիքին առաջարկել է ավելի քան 1,1 մլն դոլարով գնել նրանց պատկանող հողակտորները: Այնուհետև իրադարձությունները զարգացել են վերը թվարկված դեպքերի համաձայն:

Հայցվորները որպես նյութական վնասի փոխհատուցում 114 620 եվրո են պահանջել ՀՀ կառավարությունից: Բացի այդ, նրանք 10 000 եվրո են պահանջել որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 7000 եվրո՝ դատական ծախսերի համար: Արդյունքում ՄԻԵԴ-ը վճռել է, որ ՀՀ կառավարությունը պետք է 14 000 եվրո փոխհատուցում տրամադրի հայցվորներին:

Հաջորդ վճիռը կայացվել է «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» դատական գործով: Հայցվորներ Ռուսայել, Ժենիկ, Շաքար, Վարազդատ Մաշինյաններն ու Լիանա Ռամազյանը հայցը ներկայացրել են 2009թ.՝ ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի: Վերջինս Շնողում բնակվող ու գյուղատնտեսությամբ զբաղվող ընտանիքին առաջարկել է 940 700 դրամով գնել նրանց պատկանող հողակտորները:

Հայցվորները 93 631 եվրո են պահանջել որպես նյութական, ինչպես նաև 10 000 եվրո՝ որպես բարոյական վնասի և 7000 եվրո որպես դատական ծախսերի փոխհատուցում: Արդյունքում ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 14 000 եվրո վճարել ընտանիքին:

Վերջին՝ վեցերորդ վճիռը կայացվել է «Մհեր Ալիխանյանն ընդդեմ Հայաստանի» դատական գործի շրջանակում: ՀՀ քաղաքացին հայցը ներկայացրել է 2009թ.՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ: Ընկերությունը 157 550 դրամով առաջարկել է գնել Շնող գյուղի բնակչին պատկանող հողատարածքը:

Հայցվորը 32 027 եվրո է պահանջել որպես նյութական վնասի, ինչպես նաև 17 000 եվրո՝ որպես բարոյական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում: Ըստ այդմ՝ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է երեք ամսվա ընթացքում 5200 եվրո փոխհատուցում վճարել հայցվորին: