Բանակից հետո թիրախավորված է ԱԱԾ-ն․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

նկար

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն հայտարարություն է տարածել․

«Երեկ հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով հեռարձակվել է նյութ, որով տեղեկացվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից նախապատրաստված օրենսդրական փաթեթի մասին, համաձայն որի նախատեսվում է մասնավորապես ԱԱԾ կազմից հանել քննչական դեպարտամենտը, ԱԱԾ-ն զրկել նախաքննություն իրականացնելու իրավասությունից:

Համառ հետևողականությամբ գործող իշխանությունները կարծես նպատակ են հետապնդում թուլացնել Ծառայությունը, երկրի անվտանգային համակարգը: Դա է վկայում անվտանգության մարմնի համակարգից քննչականի հետ մեկտեղ պետական պահպանության ծառայության, հետախուզության և սահմանապահ զորքերի դուրսբերման իշխանական ծրագրերը: Փաստացի բանակից հետո երկրորդ խոշոր թիրախ է ընտրված անվտանգության ծառայությունը:

Նշված ռեպորտաժում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանն առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ բերել է հետևյալ հիմնավորումները`

1. լուծվելու է տարբերակված աշխատավարձի խնդիրը` մանրամասնելով, թե իբր ԱԱԾ քննիչները քննչական կոմիտեի քննիչների համեմատությամբ բարձր են վարձատրվում,

2. «ստացվում է այնպիսի մի իրավիճակ, երբ որ տարբեր քննչական մարմինների շրջանում քննվում են այնպիսի գործեր, որոնք պրակտիկայում շատ հաճախ լինելով այս կամ քննչական մարմնի քննչական ենթակության տիրույթում` սովորաբար փոխանցվում են նաև Քննչական կոմիտեին»,

3. կապահովվի մեկ միասնական մեթոդաբանության մեկ միասնական քաղաքականության կիրառումը,

4. անվտանգության ծառայությունը չի դիտարկվում որպես տիպիկ քննչական մարմին, այն հետաքննություն իրականացնող կառույց է,

5. որպես օրինակ նշվում է` «եթե հետախուզական կամ հակահետախուզական ֆունկցիայի շրջանակներում կբացահայտեն, օրինակ, ահաբեկչության հանցակազմի տարրեր, ապա ընդամենը հաղորդում են ներկայացնում համապատասխան քննչական կոմիտեին»:

Ակնհայտ է, որ ԱԱԾ կառուցվածքի վերաբերյալ այս փոփոխություններն արվում են կամ համակարգը թուլացնելու /կազմաքանդելու/ ուղղակի դիտավորությամբ և կամ կառույցի աշխատանքային նրբությունները, սպեցիֆիկան չիմանալու, չպատկերացնելու արդյունքում: Վերոհիշյալ կետերից յուրաքանչյուրի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը`

1. մյուս քննչական մարմինների, այդ թվում նաև Քննչական կոմիտեի քննիչների համեմատ ԱԱԾ քննչական դեպարտամենտի աշխատակիցները տարիներ շարունակ ստացել են անմենացածր աշխատավարձը և միայն վերջին շրջանում, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի ղեկավարման ժամանակ է հաջողվել այն բարձրացնել` գրեթե հավասարեցվելով Քննչական կոմիտեի քննիչների աշխատավարձին, որը սակայն էականորեն զիջել է ՀԿԾ-ի /հետագայում Հակակոռուպցիոն կոմիտե/, ինչպես նաև ՊԵԿ-ի քննիչների աշխատավարձին,

2. տարբեր քննչական մարմիններում գործերի քննության վերաբերյալ Արդարադատության փոխնախարարի 2-րդ կետում ձևակերպած միտքը որքան էլ անհասկանալի է, այնուամենայնիվ հարկ է նշել, որ գործող քրեական դատավարության օրենսգրքով հստակ սահմանված է քրեական գործերի քննչական ենթակայությունը և միայն դատախազին է վերապահված տարբեր քննչական մարմինների ենթակայության գործերը փոխելու իրավասությունը: Ասել է թե ԱԱԾ քննչական մարմնում եթե նույնիսկ քննվում են ոչ իրենց քննչական ենթակայությանը վերաբերող գործեր, դրանք արվում են բացառապես դատախազի հանձնարարությամբ: Պետք է արձանագրել, որ չի եղել գեթ մեկ դեպք, որ վատ ու անորակ քննության կամ կոռուպցիոն ռիսկի պատճառով ԱԱԾ քննչական մարմնի վարույթից վերցնեն քրեական գործն ու այլ քննչական մարմնի փոխանցեն: Հակառակը` մշտապես ԱԱԾ քննչական վարույթ են բերվել անկարողության կամ կոռուպցիոն ռիսկի հետևանքով քննությունը ձախողած քրեական գործեր, որոնք ԱԱԾ ղեկավարի անմիջական հսկողության ներքո, օպերատիվ և քննչական մարմինների ներդաշնակ, ճիշտ պլանավորված աշխատանքի շնորհիվ բացահայտվել ու դատական վախճան են ունեցել,

3. աշխատանքի մեկ միասնական մեթոդաբանության մեկ միասնական քաղաքականության կիրառումն արդեն իսկ ապահովվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից պարբերաբար ուղարկվող շրջաբերականներով, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով: Հետևաբար ռեպորտաժում բերված այս փաստարկը ևս անհիմն է,

4. փոխնախարարի ձևակերպումից անհասկանալի է` ի վերջո ո՞ րն է իշխանությունների մոտեցումը` ձգտում են ունենալ առանձին քննչական մարմիննե՞ր, թե՞ կողմ են մեկ մարմնում օպերատիվ և քննչական ստորաբաժանումների մեկտեղմանը: Հետաքրքիր է, որ ԱԱԾ-ի դեպքում համարում են` չպիտի ունենա քննչական մարմին, իսկ ընդամենն ամիսներ առաջ ստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի պարագայում միլիարդավոր դրամների լրացուցիչ ծախս կատարելով` կառույցի ներսում ձևավորեցին նաև օպերատիվ ստորաբաժանումներ: Սա բացարձակ երկդիմի, անձնավորված մոտեցում է` ենթադրաբար պայմանավորված երկրի վարչապետի հետ այս կամ այն կառույցի ղեկավարի մտերմության, վստահության աստիճանով,

5. քննությունը չի սահմանափակվում հաղորդումը քննչական մարմնին զուտ փոխանցելով` կարևորը քննության որակի ապահովումն է, ասել է թե հանցագործության դեպքի բացահայտումը, ինչին հնարավոր է հասնել բացառապես օպերատիվ և քննչական մարմինների ներդաշնակ, պլանավորված, փոխլրացնող գործողություններով: Տարիների փորձը ցույց է տալիս, որ օպերատիվ և քննչական մարմինները, որպես կանոն, կարողանում են ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումն ապահովել նույն մարմնի կազմում ու կառավարման ներքո գործելու պայմաններում, երբ ապահովվում է փոխադարձ վստահության, սինխրոն աշխատանքի մթնոլորտ: Այս գործոններն են եղել հիմնական պատճառը, որ չբացահայտված կամ թույլ քննված քրեական գործերով նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի կողմից տասնյակ տարիներ շարունակ հանձնարարվել է ԱԱԾ-ին:

Փոփոխության հեղինակները պատկերացում անգամ չունեն, թե ինչ օպերատիվ և քննչական համատեղ աշխատանք, կոմբինացիաներ են իրականացվում ԱԱԾ քննչական մարմնի ենթակայությանը վերապահված, օրինակ, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործության դեպքերով քննության ընթացքում, որոնք կառուցվածքային նման փոփոխության իրականացման արդյունքում կարող են էապես տուժել:

ԱԱԾ կառույցի ներսում շատ մեծ է նաև քննչական մարմնի դերակատարությունն օպերատիվ ստորաբաժանումներին տարբեր հարցերում աջակցելու մեջ, որը հրապարակման ենթակա չէ, սակայն կառուցվածքային փոփոխությունների դեպքում պետք է պարտադիր հաշվի առնել:

Անհասկանալի է նաև, թե ինչ երկրի փորձ է ներդրվում Հայաստանում, ինչու հաշվի չի առնվում, որ մեր ռազմավարական դաշնակից երկրների, այդ թվում Ռուսաստանի հատուկ ծառայությունների կազմում ևս գործում են քննչական մարմիններ:

Բարձրացված խնդիրն առավել քան առանցքային ու արդիական է, հետևաբար ԱԱԾ ղեկավարությունը պետք է ամեն կերպ ձգտի կանխել կառույցի նման մասնահատումները, որոնք ակնհայտորեն իրականացվում են ոչ կոմպետենտ, քաղաքական տարբեր թևերի շահեր սպասարկող ուժերի կողմից:

ԱԱԾ կազմից մի քանի առանցքային ստորաբաժանումներ դուսր բերելու հարցի հետ կապված ակնկալում ենք նաև պահեստազորում գտնվող մեր մյուս գործընկերների կարծիքների բարձրաձայնումը»:

--00—ԼՄ