Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են. նախարարն է միջնորդել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ԲԴԽ-ի որոշմել է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել է: Այս առնչությամբ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Փետրվարի 14-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը:

ԲԴԽ-ից հայտնում են, որ խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ելնելով միջնորդության քննության արդյունքներից եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ եւ 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով եւ 155-րդ հոդվածով, որոշեց.

1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել: 

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ վերջնական է։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ եւ դատավորին: Այն կտեղակայվի նաեւ Դատական իշխանության պաշտոնական կայքում: