Բանակո՞ւմ է «դուխով» ծառայել, թե՞ իրենց թաղում է դուխով տղա եղել․ Մարուքյանը՝ ԿԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է՝ ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում իրենց մարդկանց նշանակում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նաև նկատել է, որ երբ ընդդիմությունը մեղադրում է, իշխանությունը պետք է հակափաստարկներ բերի։

«Ագրարային համալսարանի ռեկտորը փոխվել է, բայց մինչև ռեկտորի փոխելը հոգաբարձուների խորհուրդ է փոխվել, և «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում, հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձրել 855 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավելի իմ աշխատավարձից:

Պրոռեկտորի աշխատավարձը բարձրացրել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ»,- ասել է Մարուքյանը և հիշեցրել, որ Ագրարային համալսարանում ստեղծվել է մարքեթինգային բաժին, որը նույնպես նոր աշխատողներ ունի։

«Փոփոխությունների արդյունքում զարմացնում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի, ինչպես նաև քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։

Ռեկտորը կրճատել է հաստիքների քանակը 58-ով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնակաների է կրճատել ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրանց մարդկանց ընդունել»,- շարունակել է պատգամավորը։

Այս փաստերը հիմք են տալիս Մարուքյանին հիմնավոր կասկած ունենալ, որ նոր իշխանությունն ունի հովանավորյալներ, որոնց նշանակում է ռեկտորի պաշտոններում։ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իր մասին ֆեյսբուքյան գրառմանը։

«ԿԳ նախարարն ասում է՝ ես Էդմոն Մարուքյանի համար չեմ աշխատում, թող նորմալ աշխատի։ Ինչ-որ ստատուս է գրել, իմ՝ հեղափոխության ժամանակների ելույթս դրել, եթե էդ մակարդակն է, եթե մեր երկրում նման մարդ է ԿԳ նախարար  աշխատում, էլ ի՞նչ ասեմ։ Կամ ինձ ասում է դուխով, դո՞ւ ես ինձ ասում դուխով, էդ  ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որտե՞ղ է աչքի ընկել դուխով՝ բանակո՞ւմ է ուժեղ դուխով ծառայել,  իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել, որտե՞ղ է դուխով եղել»,- եզրափակել է Մարուքյանը։