Պետք է երաշխիք լինի, որ Թուրքիան F-16-ը Հունաստանի դեմ չի օգտագործի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

աշխարհ

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պնդում է, որ Հունաստանը հակասության մեջ չէ Թուրքիայի հետ։

Նա այս մասին շեշտել է Հունաստանում հեռարձակվող «Star TV»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ամերիկայի Միացյալ Նահանգներից (ԱՄՆ) Թուրքիայի՝ F-16 կործանիչներ գնելու հեռանկարի մասին հարցին։

«Հունաստանը Թուրքիայի հետ հակասության մեջ չէ։ Սակայն պարզ մի բան է ասում․ Եթե Թուրքիան սպառազինության այս համակարգն ունենա, պետք է հստակ երաշխիք լինի, որ Թուրքիան այդ զենքերը Հունաստանի դեմ չի օգտագործելու»,-նշել է նա։

Հունաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ եթե առժամանակ անց այդ համակարգերը սպառնալու են իրենց, ապա Հունաստանը, այնքանով, որքանով իրեն խոսք է հասնում, չի կարող հավանություն տալ, որ այդ համակարգերը տրամադրվեն Թուրքիային, կամ էլ առկա համակարգերն արդիականացվեն։

Դենդիասը նաև նշել է, որ Աթենքը չի ակնկալում, որ ԱՄՆ-ն դառնա Թուրքիայի թշնամին կամ Թուրքիային հեռացնի ՆԱՏՕ-ից՝ հավելելով, որ ԱՄՆ-ից միջազգային իրավունքի և ծովային իրավունքի հարցում են հստակ դիրքորոշում ակնկալում։

--00--ԿԿ