Սփյուռքից պրոֆեսիոնալ ծրագրերի ներդրման բաց կա․ Տեր-Գրիգորյանը՝ Ռաջեշ Վասուդևանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Ռաջեշ Վասուդևանին և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գրիգոր Գյուրջյանին, տեղեկացնում են Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից։ 

Շնորհավորելով Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրի ընդունման առթիվ՝ հյուրերը վստահություն հայտնեցին, որ այն իրապես կարող է բազմաթի դրական փոփոխություններ բերել երկրի զարգացման գործընթացներում: Այնուհետև նրանք անդրադարձ կատարեցին Ասիական զարգացման բանկի՝ Հայաստանում իրականացրած և իրականացնելիք ծրագրերին ու ուղղություններին՝ շեշտելով, որ բանկը փոխգործակցում է ինչպես կառավարության, այնպես էլ մասնավոր հատվածի, հասարակական կառույցների, միջազգային գործընկերների հետ: Այժմ էլ բանկը մշակում է Հայաստանի հետ գործակցության 2019-2023 թթ. ռազմավարությունը:

Ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նախ անդրադարձ կատարեց կառավարության կառուցվածքում իրականացվող փոփոխություններին, մասնավորապես շեշտեց, որ սփյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ: Այն իր առաջնահերթություններում ունենալու է Հայաստան-սփյուռք փոխաջակցության, համահայկական օրակարգի ձևավորման, հայրենադարձության և ինտեգրման, Հայաստանի շուրջ սփյուռքի ներուժի համախմբման հարցերը:

Խոսելով Ասիական զարգացման բանկի հետ սփյուռքի գծով համագործակցության հնարավոր ուղղությունների մասին՝ Բաբկեն Տեր-Գրիգորյանը նախևառաջ նշեց, որ բանկը կարող է իր յուրաքանչյուր նոր ծրագրի մշակման փուլում ներգրավել  սփյուռքահայերին, նրանց հնարավորությունները, ներուժն ու գիտելիքները: Նա նաև նկատեց, որ սփյուռքի նյութական ռեսուրսների կողքին առկա են մարդկային անգնահատելի ներուժը, համահայկական գլոբալ ցանցը, մասնագիտական հայրենադարձություն իրականացնելու հնարավորությունները:

Նախարարի պաշտոնակատարը խոսեց նաև սփյուռքի պարտատոմսերի թողարկման գաղափարի մասին, որը դեռևս խիստ նախնական քննարկման փուլում է: Ըստ Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ սփյուռքն ակտիվորեն մասնակցում է Հայաստանի զարգացման գործընթացին, սակայն առկա է զարգացման հստակ և պրոֆեսիոնալ ծրագրերի ներդրման բացը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ոլորտներին, ծրագրերում սփյուռքի բաղադրիչի ընդգրկմանն առչվող հարցեր: